Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի, «Ո՞ւր է իմ տղամարդը», «Կարգին սերիալ» հեռուստասերիալների դերասանուհի Անժելա Սարգսյանի լուսանկարները ճանաչվել են պոռնկագրաֆիկ: Եզրակացությունը տվել են Մշակույթի նախարարության «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի» փորձագետները: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց ոստիկանության մամուլի ծառայության աշխատակից Արմեն Մալխասյանը: Նա հայտնեց նաև, որ հավաքված նյութերը փորձագիտական եզրակացության հետ միասին ուղարկվել են ոստիկանության քննչական գլխավոր վարչություն և գտնվում են վարույթում: «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ տնօրեն Շողիկ Ասոյանը մեզ հետ զրույցում ևս հաստատեց, որ իրենց կենտրոնի փորձագետները շաբաթ օրը ոստիկանությանն են հանձնել իրենց փորձագիտական եզրակացությունը:
«Ոստիկանությունը մեզ դիմել էր` խնդրելով պարզել այդ տեսագրույթյուների բնույթը` էրոտի՞կ են, թե՞ պոռնկագրական: Մեր փորձագիտական եզրակացության արդյունքում դրանք ճանաչվեցին պոռնկագրական բնույթի տեսանյութեր»,- տեղեկացրեց Շ. Ասոյանը` նշելով, որ օրենքով սահմանված կարգով չի կարող ավելին ասել, քանի որ դրանով կխախտվի նախաքննության և հետաքննություն իրականացնող մարմնի իրավունքը:
«Փորձաքննության կարգն այսպիսին է: Որևէ փորձագետ իրավունք չունի կարծիք արտահայտել ու խախտել սահմանված կարգը»,- հավելեց Շ. Ասոյանը:
Զավեշտալին այն է, որ նախապես զանգահարեցինք մշակույթի նախարարություն, որտեղ վրդոված պատասխանեցին` ի՞նչ կապ ունեն Ա. Սարգսյանի լուսանկարները մշակույթի հետ: Պարզվում է` շատ լավ էլ ունեն, ավելին՝ գուցե իրենցից մշակութային լուրջ արժեք են ներկայացնում, քանի որ դրանց փորձագիտական եզրակացությամբ զբաղվել են «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի» տարեց փորձագետները:
Հիշեցնենք, որ դերասանուհու մերկ լուսանկարները հայտնվել էին համացանցում նրա զուգընկերոջ` Կարեն Արայանի թեթև ձեռքով: Դրանք մեծ հուզում էին առաջացրել հանրության շրջանում: Նրա անձի, անձնական ու սեռական կյանքի հանդեպ հետաքրքրությունը, ենթադրաբար, դեռ երկար կմնա շոուների ու թամաշաների սիրահար մեր ազգի ուշադրության կենտրոնում:
Խնդիրն այն է, թե ինչո՞ւ մեր երկրում չկա մեկ այլ գերատեսչական մարմին, որը կարող է նման փորձաքննություն իրականացնել, որ նմանատիպ լուսանկարներով ու տեսագրություններով ստիպված չլինի զբաղվել մշակույթի նախարարությունը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2005 թ. օգոստոսի 4-ի թիվ 1194-Ն որոշման համաձայն` «Մշակութային արժեքների փորձագիտական կենտրոնի» գործունեության հիմնական նպատակը և առարկան Հայաստանի Հանրապետության տարածքից արտահանման կամ ժամանակավոր արտահանման համար իրավաբանական կամ ֆիզիկական անձանց կողմից հայտարարագրված մշակութային արժեքների մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննության իրականացումը, մշակութային արժեքների մշակութաբանական և արվեստաբանական փորձաքննությանը վերաբերող գրքերի, ձեռնարկների, տեղեկագրերի, ժողովածուների և այլ գրականության հրատարակումն է, Հայաստանի Հանրապետության մաքսային և այլ իրավապահ մարմինների կողմից առգրավված կամ բռնագրավված մշակութային արժեքների մասին տեղեկատվության տրամադրումը, մշակութային արժեքների փորձագիտության բնագավառում գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մշակութաբանության և արվեստաբանության բնագավառում մասնագիտական դասընթացների կազմակերպումը:
Լուսանկարը` IQ Magazine-ի:









































