Գիտնականները պարզել են, որ շնաձկան օրգանիզմում արտադրվող հատուկ միացությունը, որը կոչվում է սկվամալին, կարող է մարդկությանը փրկել մի շարք վիրուսներից: Այս միացությունը հայտնաբերվել էր դեռ 1993 թ., սակայն նոր հետազոտությունները ցույց են տվել դրա արդյունավետությունը:
Հետազոտությունը, որ կատարվել է կենդանիների վրա, ցույց է տվել, որ այս միացությունը ոչ միայն կանխում է վտանգավոր վիրուսների ներթափանցումը մարդու օրգանիզմ, այլ երբեմն նաև բուժում է դրանք: Այս միացության հիմքի վրա ստեղծված դեղամիջոցները թույլ են տալիս ոչ միայն կանխարգելել, օրինակ, դենգե տենդի տարածումը, այլ նաև բուժել լյարդի բջիջները հեպատիտ B և D վարակներից:
Սկվամալինը հենց սկզբից անվտանգ է համարվում մարդու օրգանիզմի համար, և կարծիք կա, որ այն կարող է օգնել նաև քաղցկեղային ու աչքի հիվանդությունների ժամանակ: Պրոֆեսոր Զասլոֆը Ջորջթաունի համալսարանից, որը գլխավորում է այս միացության ուսումնասիրության աշխատանքները, նաև հայտնի է գորտի մաշկի` որպես բնական անտիբիոտիկի ուսումնասիրության աշխատանքներով:








































