Ամերիկյան պետքարտուղարության բարձրաստիճան մի պաշտոնյա ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին ասել է, որ ԱՄՆ-ը Ռուսաստանից պահանջել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում ավելի կոշտ քաղաքականություն վարել Սիրիայի նկատմամբ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS գործակալությունը:
«Պետքարտուղարն ասել է, որ անհրաժեշտ է կոշտացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում գործողություններն ու արձագանքները՝ որպես պատասխան այն բանի, թե ինչ է անում սիրիական կառավարությունն ընդդեմ իր ժողովրդի»,- ասել է վարչակազմի ներկայացուցիչը: Պետքարտուղարության ներկայացուցիչը հավելել է, որ, իհարկե, Լավրովը չի համաձայնել այս դիրքորոշման հետ, սակայն ամերիկյան կողմը շարունակելու է պնդել:








































