Այսօր «Փյունիկ» հաշմանդամների միության անդամները անկախության 20-ամյակի տոնակատարությունների շեմին երթ կազմակերպեցին դեպի Եռաբլուրի պանթեոն՝ հարգանքի տուրք մատուցելու ազատամարտիկների հիշատակին:
Հանրապետության հրապարակ, Ամիրյան փողոց, Մաշտոցի պողոտա, Հաղթանակի կամուրջ, Ծովակալ Իսակովի պողոտա. այս երթուղով հաշմանդամություն ունեցող մարդիկ սայլակներով շարժվեցին և հասան Եռաբլուրի պանթեոն: Ամբողջ ճանապարհին երթի մասնակիցների կողքին էին բազմաթիվ երիտասարդ համալսարանականներ, բուժանձնակազմ, որոնց կարիքը չեղավ, քանի որ մասնակիցները փայլուն հաղթահարեցին նախապես ծրագրված ճանապարհը: Ինչպես «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Փյունիկ» միության անդամ Աննան, այս երթով ցանկացան ապացուցել, որ իրենք Հայաստանի մի մասն ենք կազմում, և իրենց համար դժվարություն չէ «Եռաբլուր» այցելելն ու հարգանքի տուրք մատուցելը ազատամարտիկների հիշատակին:
«Արդեն 1 շաբաթ է, ինչ Հայաստանի Հանրապետությունը տոնում է անկախության տոնը: Մեր նախարարությունը նախաձեռնությամբ հանդես եկավ, համախմբեց հաշմանդամների բոլոր հասարակական կազմակերպություններին, և առաջին անգամ համատեղ կազմակերպվեց այս միջոցառումը: Կարծում եմ՝ սա կդառնա շարունակական, և մեր շարքերը ավելի կընդլայնվեն, սա մեր երախտիքի խոսքն էր` ուղղված զոհված ազատամարտիկներին»,- նշեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի զանգվածային սպորտի և ֆիզդաստիարակության քաղաքականության վարչության պետ Եղիշ Դավթյանը:
Եռաբլուր Պանթեոնում հավաքված տասնյակ հաշմանդամներ պսակ և մեխակներ դրեցին ազատամարտիկների հուշաքարին:










































