Аргументы Недели-ի փոխանցմամբ՝ Իրանի արտաքին գործերի նախարարությունը հարցում է ուղարկել Անկարա՝ ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության տարրերի տեղակայման դրդադապատճառների պարզաբանում պահանջելով։
Իրանի արտգործնախարար Ալի Աքբար Սալեհին հայտարարել է, որ Թուրքիայի կողմից սեփական տարածքում ՆԱՏՕ-ի ռադարի տեղակայումը կհանդիսանա Թեհրանին ուղղված ոչ բարեկամական քայլ։ Նա հավելել է, որ Անկարայի համար գոյություն չունեն տեսանելի ռազմական սպառնալիքներ, որոնք կպահանջեին նման արձագանք։
Հիշեցնենք, որ երբ նախորդ տարվա նոյեմբերի 19-20-ը Լիսաբոնի գագաթնաժողովում ընդունվեց Թուրքիայի տարածքում ՆԱՏՕ-ի ռադար տեղակայելու որոշումը, գագաթնաժողովում Իրանի խնդրի շուրջ «սև կատու» անցավ Թուրքիայի և Ֆրանսիայի նախագահներ Աբդուլլահ Գյուլի ու Նիկոլա Սարկոզիի միջև։
Վերջինս պնդել էր, թե Իրանի անունը պետք է գրավոր նշել՝ որպես պոտենցիալ միջուկային հարձակման գլխավոր սկզբնաղբյուր, սակայն Գյուլն ընդդիմացել էր դրան: Այդ ժամանակ էլ Սարկոզին կոչ էր արել իրերը կոչել իրենց անուններով.
«Թեև ՆԱՏՕ-ի գագաթաժողովի ամփոփիչ փաստաթղթում նշված չէ կոնկրետ հակառակորդի անունը, որի դեմ ստեղծվելու է հակահրթիռային պաշտպանության համակարգը, ես, այնուամենայնիվ, իրերը կկոչեմ իրենց անուններով. այդ հակառակորդն Իրանն է։ Մենք կատվին կատու ենք ասում»։