Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Փարիզում ընդունելով Մոլդովայի նախագահ Սանդուին հայտարարել է, որ Փարիզը մշտական ռազմական ներկայացուցչություն է հիմնում Մոլդովայում, որը թույլ կտա ավելի խորացնել պաշտպանական գործակցությունը երկու երկրների միջեւ: Ֆրանսիան ու Մոլդովան ստորագրել են նաեւ անվտանգության ոլորտի համաձայնագիր: Ֆրանսիայի նախագահ Մակրոնը կարծես թե շարունակում է իր ռազմա-քաղաքական «բլից-կրիգը», որ վերջին օրերին դրսեւորվում է ընդհուպ արեւմտյան մյուս դերակատարների համար անսպասելի կոշտ հռետորաբանությամբ: Մակրոնը հայտարարում է, որ չկան ուկրաինական պատերազմում ՌԴ հաղթաննակ թույլ չտալու հարցում «կարմիր գծեր»:
Նա հայտարարում է, որ եվրոպացի գործընկերները չպետք է լինեն վախկոտ: Նա ավելի վաղ հայտարարել էր, որ չի բացառվում Ուկրաինա արեւմտյան զինուժի մուտքը, թեեւ դրանից հետո գործնականում բոլոր արեւմտյան դերակատարները հերքեցին այդ հնարավորությունը: Ֆրանսիայի նախագահի վարքագիծը վկայում է, որ սրելով աստիճանը, Մակրոնը ցանկանում է ստանձնել եվրոպական անվտանգության համակարգի առաջատարի, այսպես ասած՝ «նորաձեւություն» կամ «մթնոլորտ» թելադրողի դերը, տեսնելով նաեւ, որ մեծ հավանականությամբ Միացյալ Նահանգները կարող են վերադառնալ թրամփյան «մեկուսացման» քաղաքականությանը՝ նախագահի նոյեմբերյան ընտրության հավանական արդյունքի բերումով:
Որեւէ կերպ չի պատկերանում, թե ինչպես կարող է Ջո Բայդենը հաղթել Դոնալդ Թրամփին: Ըստ ամենայնի, հենց այդ տրամաբանությունն է նաեւ, որ ընկած է կովկասյան ուղղությամբ Փարիզի ջանքի նկատելի աշխուժացման հիմքում: Հարց է առաջացնում, թե ու՞ր կհանգեցնի Մակրոնի այդ ռազմա-քաղաքական հռետորաբանության «բլից-կրիգը», կամ ավելի շուտ՝ որտե՞ղ կհանգեցնի Ռուսաստանի հետ բախման, օրինակ Կովկասու՞մ, թե՞ Մոլդովայում, եթե հաշվի առնենք, որ, եթե Սանդուին ընդունել են Փարիզում եւ հայտարարել Մոլդովայի հետ անվտանգության ոլորտում նոր աստիճանի մասին, ապա Մոսկվայում էլ ՌԴ նախագահ Պուտինը՝ իհարկե երիտասարդական ֆորումի շրջանակում, սակայն հրապարակավ ընդունել է Մոլդովայում գոյություն ունեցող ինքնավարության՝ Գագաուզիայի ղեկավարին:
Եթե հաշվի առնենք եւ այն, որ Ռուսաստանը ռազմական ներկայություն ունի Մոլդովայի տարածքում մեկ այլ ինքնավարության՝ Մերձդնեստրի տարածքում, իսկ Մերձդնեստրի խորհրդարանն էլ օրերս օգնություն է խնդրել Ռուսաստանից՝ Քիշնեւի ճնշումներին դիմակայելու համար, ապա պատկերը դառնում է առավել քան խոսուն: Ի դեպ, Քիշնեւի ուժգնացող ճնշումներից պաշտպանության ակնկալիք Պուտինի հետ հանդիպմանը հայտնել է նաեւ Գագաուզիայի ղեկավարը: Կբախվե՞ն Ֆրանսիան եւ Ռուսաստանը «գետնի վրա», այն հռետորաբանությունից հետո, որ առաջ է քաշում Ֆրանսիայի նախագահը, թե՞ հակառակը՝ սրելով հռետորաբանությունն ու «չեղարկելով» կարմիր գծերը, Մակրոնը կամա, թե ակամա կնպաստի արեւմտյան տիրույթում հակառակ տրամադրությունների ձեւավորման, այդ կերպ անուղղակիորեն «խթանելով» «պայմանավորվածությունների ռեժիմ»:







































