Ռուսաստանին հայտնի չէ «Զվարթնոց» օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման մասին Երևանի կողմից ընդունված որևէ որոշում:
Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ մեջբերելով ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի խոսքերը՝ «Գիտելիք․ առաջինները» ուսումնակրթական մարաթոնում ունեցած ելույթից:
«Ինչ վերաբերում է «Զվարթնոց»-ում ՌԴ սահմանապահներին, ապա այդ առումով, որքան, որ հասկանում ենք, որևէ որոշում չի եղել, և պաշտոնական խողովակներով մեզ ոչ ոք այդ որոշումների մասին չի հայտնել, մենք աշխատում ենք բոլոր ուղղություններով ինչպես ԱՊՀ, ԵԱՏՄ կառույցների շրջանակներում, այնպես էլ երկկողմ հարաբերությունների մակարդակում», – նշել է Պեսկովը։
Դմիտրի Պեսկովը նաև հավելել է, որ այժմ Ռուսաստանն ու Հայաստանն իրականացնում են մի շարք կարևոր նախագծեր և կշարունակեն իրականացնել դրանք հետագայում ևս:










































