Ռուսաստանի նախկին նախագահ, Անվտանգության խորհրդի գործող փոխնախագահ Դմիտրի Մեդվեդեւը խոսել է Ռուսաստանի «մերձավոր արտասահմանի» մասին: Նա ելույթ է ունեցել մի քարտեզի ֆոնին, որտեղ Ուկրաինան բաժանված է Ռուսաստանի, Ռումինիայի, Հունգարիայի եւ Լեհաստանի միջեւ՝ բացառությամբ Կիեւի եւ մերձակա որոշ տարածքների: Մեդվեդեւը հիշել է Ուկրաինայի նախկին նախագահներից մեկի «Ուկրաինան, իհարկե, Ռուսաստան չէ» ձեւակերպումը եւ հակադարձել. «Ուկրաինան, իհարկե, Ռուսաստանն է, իսկ նախկին խորհրդային տարածքի, այսպես ասած՝ մերձավոր արտասահմանի այլ երկրների հետ մենք խնդիրներ չունենք»:
Ռուսաստանցի փորձագետները սեւեռված են Մեդվեդեւի «մերձավոր արտասահմանի» քարտեզին Մոլդովայի սահմանների նշագրմանը, որ ներառնում է նաեւ Մերձդնեստրը: Այսինքն, Ռուսաստանը Մերձդնեստրը ճանաչում է Մոլդովայի իրավազորության տարածք, իսկ Ուկրաինայի սահմանակից Օդեսայի մարզն արդեն «Ռուսաստան է»: Մեդվեդեւն այդ «քարտեզը» հանրայնացրել է ԵԱՀԿ գործող նախագահի Մոլդովա այցի նախօրեին: Իսկ ԵԱՀԿ գործող նախագահը Քիշնեւ է մեկնում՝ Մոլդովայի նախագահի հետ քննարկելու Մերձդնեստրի խաղաղ կարգավորման հեռանկարը:
Մոլդովայի նախագահ Սանդուն հայտարարել է, որ Մերձդնեստրի կարգավորման բանակցային ձեւաչափն այլեւս գործունակ չէ: Փորձագետներից շատերը, այդ թվում՝ Ռուսաստանում Մոլդովայի նախկին դեսպան Անատոլ Ցարանուն, կարծիք են փոխանցում, որ ներգրավված բոլոր կողմերը համաձայնության եկել, որ Մերձդնեստրի կարգավորմանը Ռուսաստանը «չի կարող մասնակցել»: Մեդվեդեւն, ըստ երեւույթին իր քարտեզով Քիշնեւին ազդակ է հղում: Ինչպես դա կընդունվի՞՝ ցույց կտա ժամանակը:
Տվյալ դեպքում ավելի կարեւոր է, որ Մեդվեդեւը ֆորմալ առումով Ռուսաստանի «մերձավոր արտասահմանի» վերաձեւման պատասխանատուն է. նրա նախագահության շրջանում է տեղի ունեցել ռու-վրացական պատերազմը, երբ Ռուսաստանը գրավել է Հարավային Օսեթիան եւ Աբխազիան, ապա ճանաչել վրացական նախկին ինքնավարությունների անկախությունը: Ե՞րբ է Մեդվեդեւը հրապարակելու Ռուսաստանի «մերձավոր արտասահմանի» հարավկովկասյան քարտեզը:
Այնտեղ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան Վրաստանի սահմաններու՞մ են ներկայացվելու: Կամ երբ ՌԴ արտգործնախարար Լավրովն ասում է, որ հայ-ադրբեջանական կարգավորումը պետք է բացառապես հիմնված լինի քառասունչորսօրյա պատերազմից հետո Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդների միջեւ ձեռք բերված պայմանավորվածություններին, նկատի է ունենում միայն «Մեղրիի երթուղին» ռուս սահմանապահների հսկողությամբ գործարկելու Հայաստանի «պարտավորությու՞նը»: Թե Մոսկվան կարող է Հարավային Կովկասի այնպիսի քարտեզ հրապարակայնացնել, որտեղ Աբխազիան եւ Հարավային Օսեթիան կլինեն Վրաստանի կազմում, իսկ Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղը կունենա վարչա-տարածքային ինքնությու՞ն:
«Մերձավոր արտասահմանի» մի երկրի սուվերենությունը մերժել, իսկ մյուսների նկատմամբ «որեւէ պահանջ չունենալ» չի ստացվի: Երկուսից մեկն է. կամ Ռուսաստանն իրեն ճանաչում է ՌԽԴՀ սահմաններում եւ բարիդրացիական հարաբերություններ հաստատում նախկին խորհրդային բոլոր հանրապետությունների հետ՝ ինչպես ԱՊՀ կազմավորման պայմանագիրը եւ Ալմաթիի Հռչակագիրն են սահմանում, կամ Ուկրաինան «կլանելուց» հետո անցնում է ողջ հետխորհրդային տարածքի «ինտեգրմանը»: Ռուսաստանի նախագահն իրավիճակը համեմատել է 1918-20 թվականների հետ: Չափազանց ենթատեքստային դիտարկում է: Իսկ ու՞մ շնորհից բոլշեւիկների հաջողվեց Ռուսաստանի հարավից հեռացնել Դենիկինին եւ հարթել դեպի Հարավային Կովկաս ռազմերթի ճանապարհը: Մեծ Բրիտանիայի՞…









































