Գեղարքունիքի մարզի Սևան համայնքի Դդմաշեն գյուղում ՀՀ կառավարության կողմից 2023 թվականին իրականացվող սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում ասֆալտապատվել է 3-րդ փողոցն ամբողջությամբ ու 4-րդ փողոցի մի հատվածը։
Ինչպես տեղեկացանք Սևանի համայնքապետարանի աշխատակազմից, Դդմաշենի ներհամայնքային փողոցների ասֆալտապատման ծրագրի պայմանագրային արժեքը կազմում է 131 միլիոն 300 հազար դրամ, որի 40 տոկոսը ՀՀ կառավարության, 60 տոկոսը Սևանի համայնքապետարանի ներդրումն է։
Ծրագրի իրականացման արդյունքում ամբողջությամբ ասֆալտապատվել է 3-րդ փողոցը և 4-րդ փողոցի մի հատվածը՝ 5968 քառակուսի մետր ընդհանուր մակերեսով, ջրահեռացման համակարգի տեղադրմամբ։
Շինարարական աշխատանքները մեկնարկել են 2023 թվականի օգոստոս ամսից և 2024 թվականի մարտ ամսի դրությամբ գտնվում են ավարտական փուլում։
Արդեն հիմնանորոգված այս փողոցները տանում են դեպի ս. Թադեոս եկեղեցի և գերեզմանոց։ Ծրագրի իրականացման շնորհիվ նախկինում անբարեկարգ ու դժվարանցանելի փողոցները դարձել են միանգամայն բարեկարգ ու անցանելի: