Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը անդրադարձել է ռուս խաղաղապահների՝ Լեռնային Ղարաբաղում գտնվելու թեմային: Օրերս ՌԴ փոխարտգործնախարար Գալուզինը հայտարարեց, թե Մոսկվան Բաքվի հետ հստակեցնում է այդ հարցը քննարկելու ժամկետները: Ինչպես հայտնի է նաեւ, ռուս խաղաղապահների տեղակայման ժամկետը սպառվում է 2025-ի նոյեմբերին, եւ ըստ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, եթե ժամկետի ավարտից վեց ամիս առաջ կողմերից որեւէ մեկը չներկայացնի առարկություն, ապա ժամկետը ինքնաբերաբար կերկարաձգվի եւս հինգ տարով:
Մոսկվան այժմ սկսել է Բաքվի հետ աշխատանքը, որպեսզի Ադրբեջանը 2025-ի գարնանը չներկայացնի որեւէ առարկություն: Իսկ դրա հիմքերը կարծես թե կան, քանի որ Արցախում չի մնացել հայ՝ սեպտեմբերի էթնիկ զտումից եւ բռնի տեղահանումից հետո, որին ռուս խաղաղապահները պարզապես հետեւել են: Գալուզինը օրերս հայտարարել էր նաեւ, որ Ռուսաստանը պատրաստ է օժանդակել հայերի վերադարձին Լեռնային Ղարաբաղ: Սակայն բոլորի համար պարզ է, որ այդ վերադարձը գործնականում անհնար է, քանի դեռ Արցախը ադրբեջանական օկուպացիայի տակ է: Իսկ, եթե Արցախում չկա հայ, չկա նաեւ ռուս խաղաղապահների մնալու անհրաժեշտություն, համենայն դեպս ելնելով գոյություն ունեցող «հիմքերի» տրամաբանությունից:
Բայց, անկասկած է, որ քննարկում կա, ինչի մասին է վկայում նաեւ Ադրբեջանի ԱԳՆ խոսնակի հայտարարությունը: «Ըստ նրա, հաշվի առնելով ականապատ տարածքների խնդիրը, նաեւ հաշվի առնելով տարածքում չպայթած զինամթերքի խնդիրը, անհրաժեշտություն է առաջացել խորհրդակցություններ անցկացնել այդ սպառնալիքների վերացմանն ուղղված ջանքերի շուրջ: Փաստացի, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը բարձրաձայնում է այն ձեւակերպման մասին, որով ռուս խաղաղապահները կարող են մնալ եւ Բաքուն կարող է բացատրել դրան համաձայնելը՝ ականապատ տարածքների եւ չպայթած ռազմամթերքի խնդիրների համատեղ լուծում: Ի՞նչ է սա նշանակում՝ Ադրբեջանը Մոսկվայի առաջ պայմա՞ն է դնում, թե՞ Մոսկվան է Ադրբեջանի հետ խոսում ըստ էության վերձնագրային տրամաբանությամբ, իսկ Բաքուն փորձում է իր հանրությանը ներկայացնել «դեմք պահող» բացատրություն, թե ինչու՞ են համաձայնելու ռուս խաղաղապահների ներկայությունը շարունակելուն:










































