Հայ ազգային կոնգրեսի վերջին հանրահավաքից մի քանի օր անց ՀԱԿ-իշխանություն բանակցություններում կոալիցիայի աշխատանքային խմբի ղեկավար Դավիթ Հարությունյանը հանդես էր եկել մեկնաբանությամբ` չբացառելով, որ Հայ ազգային կոնգրեսը երկխոսությունը դադարեցնելուց հետո գնա իրավիճակի սրման:
Ըստ Դ.Հարությունյանի`«լավ չէ, որ ընդդիմադիր ուժը չի նստում բանակցությունների սեղանի շուրջ, որովհետև երկխոսությունն ինքնին նոր մշակույթ էր երկրի համար»: Նա հայտարարել էր. «Բայց, այնուամենայնիվ, արձանագրելով, որ դա դրական էր, չեմ կարծում, որ կողմերից մեկը կարող է իր կամքը թելադրել մյուս կողմին, ընդ որում՝ հարցի շուրջ, որն ընդհանրապես ոչ քաղաքական, այլ իրավական հարթության մեջ է»:
Ապա հարցին՝ հնարավո՞ր են արդյոք իրավիճակի սրումներ ՀԱԿ կողմից, Դ.Հարությունյանը պատասխանել էր. «Այն, որ ցանկություն լինելու է հավանաբար սրելու իրավիճակը՝ ես չեմ բացառում: Այլ խնդիր է, թե ինչպիսի արձագանք դա կստանա: Եվ կարծում եմ, որ եթե գնան անթույլատրելի սրացումների, համարժեք արձագանք կարող է լինել: Ինչ վերաբերում է կարծիք արտահայտելուն, միտինգներ կազմակերպելուն, սա իրենց իրավունքն է, և նրանք այդ իրավունքն իրացնում են»:
«Առաջին լրատվականը» Փաստահավաք խմբի անդամ Անդրանիկ Քոչարյանին խնդրեց մեկնաբանել Դավիթ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ եթե ՀԱԿ-ը գնա անթույլատրելի սրացումների, համարժեք արձագանք կստանա, և նաև այն հանգամանքը, որ ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի հավանությանն է արժանացել բանաձևի մի նախագիծ, որում իշխանություններին հաճո մի շարք ձևակերպումներ են ամրագրված, մասնավորապես՝ Մարտի 1-ի էջը փակելու, հերթական ընտրությունների վրա կենտրոնանալու վերաբերյալ: Անդրանիկ Քոչարյանին հարցրեցինք, ի՞նչ կապ է նա տեսնում ԵԽԽՎ բանաձևի նախագծի և իշխանությունների, մասնավորապես` Դավիթ Հարությունյանի վերոնշյալ գնահատականների միջև:
«Դավիթ Հարությունյանի պահվածքը ամենայն հավանականությամբ կապված է նաև այդ բանաձևի հետ: Բայց մեր հանրության համար Դավիթ Հարությունյանը շատ վաղուց է ընկալվում որպես եվրակառույցների հետ գործունեության մեջ բավական հմտացած և աճպարարությամբ զբաղվող անձնավորություն: Նման բանաձևի նախագծի առկայության պայմաններում Դավիթ Հարությունյանն այդ հայտարարությամբ, ըստ էության, փորձ է անում մեր հանրությանը հաթաթա տալ կամ վախեցնել: Կարծում եմ, որ սա նոր դրսևորում է: Բայց Դավիթ Հարությունյանը լավ կլիներ որ մեզ ու մեր հասարակությանը հաթաթաներ չտար: Նա`որպես ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ և իշխանության ներկայացուցիչ, բազմաթիվ ասելիքներ ունի կապված Մարտի 1-ի դեպքերին բանակի մասնակցության ուսումնասիրությունների հետ, քանի որ ունենալով բավական մեծ հնարավորություններ՝ նա, այնուամենայնիվ, այդպիսի տղամարդկային քայլի գնալու համարձակություն այդպես էլ չունեցավ»,- նկատեց Անդրանիկ Քոչարյանը:









































