Փետրվարի 9-ին Փարիզում տեղի է ունեցել Հայաստանի եւ Ֆրանսիայի արտգործնախարարների հանդիպումը: Դրա մասին Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Արարատ Միրզոյանը եւ Ֆրանսիայի նորանշանակ արտգործնախարար Ստեֆան Սեժուրնեն «մանրամասն քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին վերաբերող հարցեր։ ՀՀ ԱԳ նախարարը ֆրանսիացի գործընկերոջն է ներկայացրել տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատման հարցում ՀՀ տեսլականը»:
Ըստ էության, հնարավոր է գուցե ասել, որ հանդիպումը եղել է այսպես ասած ճանաչողական բնույթի, հակառակ պարագայում պետք է որ չլիներ Ֆրանսիային Հայաստանի այդ տեսլականը ներկայացնելու կարիք: Այստեղ սակայն կա մի նրբերանգ: Հայաստանը փաստորեն Կովկասի խաղաղության ու կայունության հարցում առաջ է քաշել «տեսլականի» այսպես ասած նոր տարբերակ, գոնե առերեւույթ: Խոսքը բնականաբար այն հայտարարությունների մասին է, որ Հայաստանի վարչապետն ու մեծամասնության այլ ներկայացուցիչներ անում են Անկախության հռչակագրի ու Սահմանադրության վերաբերյալ: Ֆրանսիայի համար դա նորությու՞ն է:
Որովհետեւ, այդ շեշտադրումները Երեւանտ առնվազն հրապարակային տիրույթում անում է նոր, վերջին շաբաթների ընթացքում: Ֆրանսիայում նոր է արտգործնախարարը, բայց Ֆրանսիան ինքը «նոր» չէ Կովկասի կայունությանն ու անվտանգությանը վերաբերող գործընթացներում: Ավելին, Ֆրանսիան արտահայտել է դիրքորոշումներ, որոնք ըստ էության պաշտպանում են այն հանգամանքները եւ գործոնները, որոնք իրենց հերթին արտացոլված են Հայաստանի Անկախության հռչակագրում: Հետեւաբար հարց է առաջանում, Երեւանի հրապարակային հայտարարությունները, դրանցում առկա շեշտադրումները Ֆրանսիայի համար նորությու՞ն են, թե՞ ոչ, եւ ինչպե՞ս է այդ նորությանը վերաբերում պաշտոնական Փարիզը, հաշվի առնելով հենց թե խորհրդարանական, թե նույնիսկ գործադիր մակարդակում Ֆրանսիայի քաղաքական դիրքավորումները:










































