Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը այց է կատարել Հունգարիա, որտեղ նա հանդիպելու է այդ երկրի քաղաքական ղեկավարությանը, այդ թվում վարչապետ Օրբանին: Խաչատուրյանի այցը առաջինն է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերության սառեցումից՝ 2012 թվականին, եւ հետո հարաբերության վերականգնման որոշումից հետո՝ 2022 թվականին: Հարաբերության սառեցումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ 2012-ին հայտնի դարձավ, որ Հունգարիան որոշել է Ադրբեջանին արտահանձնել մարդասպան Ռամիլ Սաֆարովին, որը 2004 թվականին ՆԱՏՕ դասընթացի շրջանակում կացնահարել եւ սպանել էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին: Սաֆարովը դատապարտվեց ցմահ ազատազրկման, որը պետք է անցկացններ Հունգարիայում, սակայն 2012-ին «հանկարծ» հայտնի դարձավ, որ նա արտահանձնվել է:
Ըստ միջազգային մամուլում շրջանառված տեղեկությունների, Ալիեւը դրա դիմաց Հունգարիային խոստացել էր 3 միլիարդ դոլարի ներդրումներ, իսկ գործարքի միջնորդը, դարձյալ ըստ մամուլի, եղել է ադրբեջանական ծագումով ռուսաստանցի միլիարդատեր, ՌԴ նախագահ Պուտինի համակուրսեցի Իլհամ Ռահիմովը: Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը այդ արտահանձննումից հետո հայտարարեց Հունգարիայի հետ հարաբերությունը սառեցնելու մասին: Այդ ժամանակ էր նաեւ, որ եղավ՝ «Գորիկ Գուրգենիչ, դուք մնացեք, Ձեզ հատուկ հանձնարարություն ունեմ» ըստ էության «թեւավոր» դարձած արտահայտությունը, թեեւ այդպես էլ պարզ չեղավ, թե ինչ հանձնարարություն էր եւ ինչ եղավ դրա ճակատագիրը: Գորիգ Գուրգենիչը մի քանի տարի առաջ կյանքից հեռացավ հիվանդության պատճառով, իսկ մինչ այդ էլ՝ դեռեւս 2016 թվականին, տարիքի բերումով թողել էր ԱԱԾ պետի պաշտոնը:
Գրեթե չկա կաասկած, որ Սաֆֆարովի արտահանձնման գործընթացի մասին տեղյակ եղել են Մինսկի խմբի համանախագահ բոլոր երեք երկրները, եւ նրանցից որեւէ մեկը թերեւս չի էլ փորձելլ խանգարել դրան, այլապես որեւէ մեկը մինչեւ գոծարքի իրականացումը որեւէ կերպ կհանրայնացներ դրա մասին մտահոգություններ եւ կփորձեր այդ կերպ ազդել եւ խափանել գործարքը: Ըստ այդմ կասկածից վեր է, որ Հունգարիան այստեղ եղել է թերեւս «տեխնիկական միջնորդ», ինչ որ ավելի լայն ռազմա-քաղաքական հաշվարկների համատեքստում, եւ հարաբերությունը սառեցրած Հայաստանի քաղաքական ղեկավարությունը թերեւս պատկերացրել է դա, պարզապես այդ շրջանում կայացրած՝ հարաբերությունը սառեցնելու որոշումը մի նվազագույն քայլ էր, որ անհրաժեշտ էր քաղաքական դեմքը պահելու համար: Իսկ Հայաստանին անհրաժե՞շտ էր վերականգնել հարաբերությունը Հունգարիայի հետ:
հունգարիան Արեւելյան Եվրոպայի առանցքային երկրներից մեկն է, որը փորձում է մնալ Ռուսաստանի եւ Արեւմտյան Եվրոպայի դերակատարների հետ այսպես ասած հավասարակշռված հարաբերության մեջ: Արեւելյան Եվրոպան այն աշխարհաքաղաքական գոտին է, որն իր «երկրաբանական» նշանակությամբ ձգվում է մինչեւ Կովկաս ու դեպի Կենտրոնական Ասիա: Այստեղ ի դեպ հատկանշական է հիշել, որ Հունգարիան լինելով Եվրամիության անդամ, նաեւ դիտորդ է Թյուրքալեզու պետությունների կազմակերպությունում, որտեղ դրոշակակիրը Թուրքիան է: Այդ իմաստով, Հունգարիայի հետ Հայաստանի բարվոք հարաբերությունը ներկայիս բարդ ու անկանխատեսելի միջազգային իրավիճակում կարող է ստանալ կարեւոր նշանակություն:
Ընդ որում, ուշադրության է արժանի նաեւ փաստը, որ հայ-հունգարական հարաբերության վերականգնման գործընթացում հունգարական կողմի հետ հաղորդակցությունն իրականացվում է ոչ միայն զուտ պաշտոնական մակարդակով, այլ պաշտոնական Բուդապեշտը նաեւ հաղորդակցվում է Հայ Առաքելական եկեղեցու ղեկավարության հետ: Բացի զուտ ֆորմալ, այսպես ասած արարողակարգային իմաստով բարձր աստիճանի դրսեւորումից, հարաբերության վերականգնման եւ դրա միջոցով Հայաստանի համար անվտանգության միջավայրի կառավարման տեսանկյունից ի՞նչ էական արդյունք կտա Հայաստանի նախագահի այցը Հունգարիա:







































