Լիբիայում Մուամար Քադաֆիի վերջին հենակետերից մեկի` Բանի Վալիդի գրավման ժամանակ վիրավորվել է BBC-ի արաբական ծառայության լրագրող Մուհամմեդ Բալուտը: Լրագրողը պատրաստվում էր ուղիղ եթեր դուրս գալ, երբ նրա ու մյուս լրագրողների վրա կրակ է բացել մի դիպուկահար: Լրագրողն այժմ գտնվում է հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ Լիբիայի ապստամբները մի քանի օր առաջ մտել էին Բանի Վալիդ, որտեղ քադաֆիական ուժերը լուրջ դիմադրություն էին ցույց տվել: Լիբիայի Ազգային անցումային խորհուրդն ավելի վաղ կոչ էր արել Բանի Վալիդում ապրող խաղաղ բնակիչներին՝ լքել քաղաքը:
Միաժամանակ՝ տեղեկություններ են ստացվում այն մասին, որ Քադաֆիի հայրենի Սիրթ քաղաքում մարտերը շարունակվում են: Այս պահին փոխհրաձգություն է տեղի ունենում քաղաքի օդանավակայանում:







































