Իրանի նախկին նախագահ Ռուհանիի խորհրդական Աշենան X (նախկին Թվիթեր) սոցիալական ցանցում գրառում է կատարել եւ իշխանություններին հորդորել, որ Միացյալ Նահանգների հետ ուղղակի բանակցություններ սկսեն: «Եթե որեւէ մեկին թվում է, թե բանակցություններ պետք է վարել ուժի դիրքերից, ապա հիմա դրա ժամանակը չէ»-գրել է իրանցի նախկին խորհրդականը: Փորձագետները համարում են, որ Իրանը ներքաղաքական շատ բարդ փուլ է մտնում:
Երկրում սպասվում են խորհրդարանական ընտրություններ, բայց ավելի կարեւոր է այսպես կոչված Փորձագետների խորհրդի ընտրությունը: Դա մի մարմին է, որ գործնական ազդեցություն կարծես չունի, բայց ամեն ինչ ինքն է որոշում, քանի որ նրան է վերապահված Իսլամական հեղափոխության եւ երկրի փաստացի առաջնորդի ընտրության իրավունքը: Իրանի ներկայիս հագեւոր առաջնորդը հատել է կյանքի իներորդ տասնամյակի շեմը եւ, ինչպես տարբեր աղբյուրներ են փոխանցում, ընտրվելիք Փորձագետների խորհուրդին վիճակված կլինի որոշել նրա իրավահաջորդի հարցը:
Տեղեկություն է տարածվել, որ նախկին նախագահ Ռուհանին «որակազրկվել է եւ չի մասնակցի Փորձագետների խորհրդի ընտրությանը»: Սա ընկալվում է որպես ազդակ, որ Իրանը քաղաքական կոշտ գծից ետքայլ անելու նպատակ չունի: Ռուհանին համարվում է «բարեփոխական ուղեգծի» հետեւորդ: Ըստ տարածված լուրերի, ֆորս-մաժորի դեպքում հոգեւոր առաջնորդին «կփոխարինի նրա որդին» եւ Իրանը կմնա դիմակայության քաղաքական ուղեգծում:
Թուրքիայում տեղական ընտրություններին իշխող կուսակցությունը հանդես է գալիս չափազանց արմատական քարոզչությամբ: Մասնակցելով հոգեւոր ակադեմիայի շրջանավարտներին վկայական հանձնելու միջոցառմանը, նախագահ Էրդողանը թուրք ժողովրդին անվանել է «իսլամի պահապան»: Նա սուր քննադատության է ենթարկել ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությանը, որ «ծաղրում է իսլամական ինքնությունը, մինչդեռ թուրքը նախ մուսուլման է»: Էրդողանը հռչակել է, որ աշխարհիկ օրենքները եւ շարիաթը «միմյանց չեն հակասում»:
Եթե տեղական ընտրություններում Թուրքիայի իշխող կուսակցությունը հաղթի, ապա Թուրքիան ավելի է ազգայնականանալու, իսլամականությունը, բացառված չէ, օրինականացվելու է որպես պետական գաղափարախոսություն: Մերձավոր Արեւելքում Թուրքիայի ազդեցության մեծացման ընդհանուր քաղաքականության գործիքազմից մեկն էլ, հավանաբար, Էրդողանը հռչակելու է այն թեզը, որ «թուրքերն են պահպանել իսլամը»:
Սկզբունքորեն նոր փուլ է մտնում Ադրբեջանը: Ալիեւի վերընտրությունը կասկած չի հարուցում: Արեւմուտքի հետ հակասությունների իրավիճակում նա, բնականաբար, լեգիտիմություն է փնտրելու ոչ միայն Ռուսաստանում, այլեւ իսլամական աշխարհում: Արաբական միացյալ էմիրությունների հետ համագործակցությունը միայն մեկ օրինակ է: Թուրք-ադրբեջանական հարաբերություններում կարող են տարաձայնություններ լինել, բայց սկզբունքային հակասությունները բացառված են: Արմատական ճեղքվածք հավանական չէ նաեւ իրանա-ադրբեջանական հարաբերություններում:
Վրաստանի վարչապետի հրաժարականը միայն առաջին տպավորությամբ է անակնկալ: Իրականում Վրաստանը նույնպես բարդ ընտրության առջեւ է: Աշնանը տեղի կունեան խորհրդարանի եւ նախագահական ընտրություններ: Ընդդիմությունը մտահոգություն ունի, որ Բիձինա Իվանիշվիլին երկիրը «տանում է դեպի Ռուսաստան»: Որեւէ երաշխիք չկա, որ այդպես չի լինի: Ռուսաստանը եւ Ադրբեջանը չեն թաքցնում, որ ռազմավարական գործընկերն են: Ալիեւը միանշանակորեն հայտարարել է, որ Հարավային Կովկասում հաստատվելու Ֆրանսիայի փորձերը «սին են»:
Սա է միջավայրը, որտեղ Հայաստանը փորձում է «ոչ պետական ազգից վերածվել պետական ազգի»: Որքանո՞վ է այդ նպատակը համադրելի հարեւանների եւ արտաքին դերակատարների շահերին: Իսկ եթե ստացվի այնպես, որ ենթադրվող պայմանագիրը միայն ֆորմալ առումով լինի հայ-ադրբեջանական, իսկ իրականում՝ «Հայաստանի մասի՞ն»: Ինչպես անցյալ դարասկզբին էր:







































