Վատիկանի պարտեզներն արդեն հասանելի կլինեն զբոսաշրջիկների համար: Այս մասին հայտնում է РИА Новости-ն` հղում անելով Վատիկանի ռադիոկայանին:
Եվրոպայի ամենափոքր քաղաք-պետության իշխանությունները հաստատել են Opera Romana Pellegrinaggi ծառայության կողմից ներկայացված տուրիստական հատուկ շրջայցի ծրագիրը: Պարտեզների տարածքով հնարավոր կլինի զբոսնել միայն էկոլոգիապես մաքուր տրանսպորտային միջոցներով:
Տուրիստական շրջայցի ժամանակ, որի տևողությունը միջինը 1 ժամ է, զբոսաշրջիկները կտեսնեն պարտեզներում գտնվող ճարտարապետական նմուշները, շատրվաններն ու էկզոտիկ բույսերը:
Վատիկանի պարտեզները զբաղեցնում են 20 հեկտար տարածություն: Դրանք հայտնի են 13-րդ դարից, երբ այստեղ աճեցնում էին բուժիչ հատկություններ ունեցող բույսեր, մրգեր և բանջարեղեն: 17-րդ դարում այստեղ ավելացել են նաև շատրվաններ: Պարտեզների տարածքում են գտնվում նաև մի շարք շինություններ, ինչպես Վատիկանի արդարադատության պալատը, ռադիոկայանը, Եթովպիական քոլեջը և այլն:









































