Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ տարածաշրջանային հարցերով և Կովկասի հարցերով վարչության պետ Ջասթին Ֆրիդմանը երեկ ելույթ է ունեցել Վաշինգտոնի ռազմավարական ու միջազգային հետազոտությունների կենտրոնում կազմակերպված կոնֆերանսում, որը նվիրված էր Հարավային Կովկասի անկախության 20-ամյակին։
Իր ելույթում Ֆրիդմանը նշել է. «ԱՄՆ-ը շարունակելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության միջոցով աջակցել խաղաղ ճանապարհով ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը։ ԱՄՆ-ը շարունակելու է աջակցել նաև Թուրքիայի ու Հայաստանի հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև Վրաստանի ինքնիշխանությանը։
ԱՄՆ վարչակազմը Հարավային Կովկասի բոլոր երեք երկրներում վարում է ինքնիշխանության առաջընթացի քաղաքականություն, որպեսզի նրանք կարողանան ապրել խաղաղության մեջ, զարգացնեն իրենց տնտեսական պոտենցիալը, կառուցեն ժողովրդական ղեկավարման համակարգ, պաշտպանեն ազատությունը և իրենց քաղաքացիների անձնական ազատությունները։
Հարավային Կովկասում հատվում են 3 երկրների՝ Ռուսաստանի, Թուրքիայի ու Իրանի շահերը, որոնք տարբեր ու հակասական շահեր ունեն տարածաշրջանում։ Ադրբեջանում «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» (ԲԹՋ) նավթամուղի և «Բաքու-Թբիլիսի-Էրզրում» (ԲԹԷ, Հարավկովկասյան) գազամուղի կառուցումն իր հետ բերեց տնտեսական անկախություն՝ քաղաքական անկախության աջակցման համար։ Վրաստանն իր հերթին կոռումպացված երկրից վերածվել է թափանցիկ ղեկավարվող երկրի, ուր գերակայում է օրենքը։
Հարավային Կովկասի երկրների տնտեսությունների ու ժողովրդավարական ինստիտուտների զարգացման համար հետագա աջակցությունը կօգնի նրանց դառնալու ավելի կայուն և լուծելու իրենց անվտանգության հրատապ խնդիրները»։










































