Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը Երեւան այցելած Չեխիայի Պատգամավորների պալատի նախագահ Պեկարովա Ադամովային խորհուրդ է տվել «հակաադրբեջանական հայտարարությունների փոխարեն Երեւանին հարցնել, թե ինչու՞ սահմանադրությունից եւ օրենսդրությունից չի վերացնում հարեւանների նկատմամբ տարածքային պահանջները»: Հայաստանի սահմանադրությունը եւ օրենսդրությունը հարեւան որեւէ երկրի նկատմամբ տարածքային պահանջի նորմ չունի:
Իսկ Ադրբեջանի սահմանադրությունը մի քանի առումներով, մեղմ ասած, խոցելի է: Սա խնդիր է, որ պետք է լինի միջազգային իրավունքի մասնագետների, սահմանադրագետների ուսումնասիրության առարկա: Հարաբերությունների կարգավորման գործընթացը, կարելի է արդեն համոզված լինել, տեւելու է տարիներ, ուղեկցվելու է սրացումներով, իրավա-քաղաքական բանավեճերով: Ամեն ինչի պետք է պատրաստ լինել, առաջին հերթին՝ ունենալ իրավական հիմնավորումներ:
Ադրբեջանն իրեն ճանաչել է 1918-20 թվականներին գոյություն ունեցած ԱԴՀ իրավահաջորդ: Ինքնիշխանության մասին 1991թ. օգոստոսի 31-ի հռչակագիրն Ադրբեջանի Գերագույն խորհուրդն ընդունել է հղում անելով Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության ստեղծման 1918 թ. մայիսի 28-ի հռչակագրին: Իսկ ի՞նչ է ասված այդ հռչակագրում: Այնտեղ կարդում ենք, որ «Ադրբեջանի ժողովուրդները հանդիսանում են ինքնիշխան իրավունքների կրող եւ այսուհետեւ Ադրբեջանը լիիրավ անկախ պետություն է»: Հռչակագիրն, այսպիսով, պետական ինքնիշխանության իրավատեր է ճանաչում Ադրբեջանի ժողովուրդներին:
«Պետական անկախության վերականգման մասին» Ադրբեջանի Գերագույն խորհրդի 1991թ. հոկտեմբերի 18-ի սահմանադրական ակտով պետական ինքնիշխանության իրավատեր է ճանաչվում արդեն Ադրբեջանի ժողովուրդը, իսկ 1995թ. սահմանադրությամբ պարզաբանվում է, որ «Ադրբեջանի ժողովուրդը նրա տարածքում ապրող քաղաքացիների ամբողջությունն է՝ անկախ էթնիկ ծագումից եւ դավանանքից»: Հակասությունը, ավելի ճիշտ՝ ԱԴՀ ստեղծման հռչակագրի նենգափոխումն ակնհայտ է:
1918 թ. մայիսին հռչակված եւ մինչեւ 1920թ. ապրիլի 28-ը գոյություն ունեցած ԱԴՀ –ն պետական ինքնիշխանության սուբյեկտ է ճանաչել Ադրբեջանի ժողովուրդներին, նրա իրավահաջորդ Ադրբեջանը՝ Ադրբեջանի ժողոովրդին: Վաղը, չպետք է կասկածել, սահմանադրություն է փոխվելու եւ պետական ինքնիշխանության սուբյեկտ է ճանաչվելու «ադրբեջանական ժողովուրդը»:
Ըստ էության, ԱԴՀ-ն ստեղծվել է որպես «Ադրբեջան» անվանված աշխարհագրական տարածքում բնակվող բոլոր ժողովուրդների պետություն եւ հայրենիք: Նույն հռչակագրով «բոլոր ժողովուրդների համար երաշխավորվում է ազատ զարգացման իրավունքը»: ԱԴՀ-ն սահմանադրություն չի ունեցել, բայց այս կարեւորագույն ձեւակերպումները թույլ են տալիս ենթադրել, որ հռչակագիրը նախանշել է պետության դաշնային կամ անգամ համադաշնային կառուցվածք:
Ադրբեջանի գործող սահմանադրությունը էթնիկ բազմազանության մասին ոչ մի նորմ չունի: Ինքնության պահպանման իրավունք վերապահված է քաղաքացիներին, իսկ պետությունը ունիտար է: Սահմանադրության իմաստով լուծարված է անգամ Նախիջեւանի կարգավիճակը: Այն ոչ թե ինքնավար պետություն է, այլ՝ մի քանի շրջաններից կազմավորված ինքնավարություն, որ սահմանադրական փոփոխությամբ կարող է վերակազմավորվել, ստանալ վարչա-տարածքային այլ անվանում:
Իրական քաղաքականության ռեժիմում այս եւ այլ դիտարկումները թվում են անիմաստություն կամ ներկայացվում են այդպես: Բայց եթե Բաքուն մտասեւեռված է Հայաստանի սահմանադրության նախաբանի մեկ, ընդ որում՝ գործնականում չկիրառված, չկիրառելի ձեւակերպման վրա, ապա Հայաստանը գոնե փորձագիտական խոսույթի շրջանակներում պետք է թարմ պահի Ադրբեջանի պետական օրինականության թեման: Բացառված չէ, որ առնվազն Լեռնային Ղարաբաղի հարցով հարկ լինի դիմել արդարադատության միջազգային ատյաններին:









































