Yahoo!, AOL և Microsoft ընկերությունները կհամախմբեն իրենց ջանքերը, որպեսզի դիմադրեն Google ընկերությանը ամերիկյան գովազդային շուկայում: Այս մասին հայտնում է AllThingsD տեխնոբլոգը:
Ընկերությունների ներկայացուցիչները նշել են, որ պատրաստվում են գովազդի մի մասը վաճառել մեկը մյուսին. այսպես կոչված՝ «երկրորդ կարգի էկրանային գովազդը»: Դրանք այն գովազդային տեղերն են, որոնք ընկերությունը չի կարողացել ինքնուրույն վաճառել, և որոնց սպառման համար ընկերությունները հաճախ դիմում են գովազդային գործակալություններին:
Ինչպես գրում է The Guardian-ը, երեք ընկերությունների համագործակցության մասին հայտարարությունը հայտնվել է այն բանից հետո, երբ մի քանի օր առաջ Yahoo!-ի գլխավոր տնօրենի պաշտոնից ազատվեց Կերոլ Բարցը: Դրանից հետո Yahoo! և AOL ընկերությունները սկսեցին բանակցել միավորվելու վերաբերյալ:
Google-ը երկար ժամանակ առաջատար դիրքեր է զբաղեցնում որոնողական գովազդի շուկայում, իսկ այս տարվա մայիսին շրջանցել է իր եկամուտներով Yahoo!-ին էկրանային գովազդի ոլորտում: Այնպիսի խոշորագույն ընկերությունների համագործակցությունը, ինչպիսիք են Yahoo!-ն, AOL-ը և Microsoft-ը, կարող է դանդաղեցնել Google-ի ակտիվ առաջխաղացումը գովազդային շուկայում: Google-ի տարեկան եկամուտը ԱՄՆ-ի էկրանային գովազդում գնահատվում է 2,5 մլրդ դոլար:









































