Բաքու է ժամանել Ռուսաստանի Դաշնության քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարերային աղետների հետեւանքների վերացման հարցերով նախարար Ալեքսանդր Կուրենկովը: Նրան ընդունել է Ադրբեջանի նախարարների կաբինետի նախագահ Ալի Ասադովը: Ադրբեջանական մամուլի փոխանցմամբ, կողմերն ընդգծել են Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ «բոլոր ոլորտներում ռազմավարական համագործակցության բարձր մակարդակը»:
Հայտնի է, որ Կուրենկովի այցի ընթացքում ստորագրվել է 2024-2026 թվականների համատեղ գործողությունների համաձայնագիր, որ ներառնում է «արտակարգ իրավիճակների կանխումը եւ հետեւանքների վերացումը»: Խոսքն, իհարկե, համատեղ կամ առնվազն համաձայնեցված միջոցառումների մասին է, ինչը ենթադրում է երկու երկրների ուժային կառույցների չափազանց սերտ համագործակցության եւ ապագա զարգացումների ստրատեգիական կանխատեսում:
Անցյալ տարվա նոյեմբերին Բաքու է այցելել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը, կողմերն ստորագրել են տեղեկատվական անվտանգության համաձայնագիր: Փասռացի դա նշանակում է Ռուսաստանի եւ Ադրբեջանի հատուկ ծառայությունների միջեւ միասնական տեղակատվական բազայի ստեղծում, նվազագույնը՝ համադրում: Իսկ արտակարգ իրավիճակների կանխման հարցերում համագործակցությունը ենթադրում է հատուկ ծառայությունների միջեւ օպերատից տեղեկատվության փոխանակում:
Քաղաքացիական պաշտպանությունը, արտակարգ իրավիճակների կանխումը կամ հետեւանքների վերացումը ցանկացած երկրի անվտանգային համակարգի բաղկացուցիչներից է: Այդ ոլորտում ռազմավարական համագործակցությունը ենթադրում է անվտանգային նույն կամ դաշնակից համակարգի առկայություն: Ֆորմալ առումով Ադրբեջանը վերջերս Չմիացած երկրների կազմակերպության նախագահությունը փոխանցել է Գանային եւ համարվում է արտաբլոկային պետություն: Ռուսաստանը գլխավորում է ՀԱՊԿ-ը, որին Հարավային Կովկասի երեք երկրներից միայն Հայաստանն է անդամակցում:
Ռուսաստանում, այսպես ընդունված ձեւով ասենք՝ ԱԻ նախարարը ռազմա-քաղաքական էլիտայի կարեւոր դեմք է: Ալեքսանդր Կուրենկովի Բաքու այցը, Ադրբեջանի վարչապետի կողմից նրա գլխավորած բավական բազմաամրդ պատվիրակության ընդունելությունը նշանակալի իրադարձություն է: Նա հատուկ ծառայությունների կադրային սպա է, երկու անգամ դասընթաց է անցել ԳՇ Ռազմական ակադեմիայում, եղել է Գերագույն գլխավոր հրամանատար Պուտինի համհարզը, ԶՈՒ գեներալ-լեյտենանտ է:
Արտակարգ իրավիճակների եւ քաղաքացիական պաշտպանության ոլորտում ռազմավարական համագործակցությունը ենթադրում է կաոռւցվածքային ստորաբաժանումների մակարդակով վարժական հավաքներ, զորավարժություններ, տեխնիկական եւ տեխնոլոգիական միջոցների համատեղ շահագործում եւ այլն: Խոսքն, ըստ էության, ռազմական համագործակցության մասին է: Մոսկվան եւ Բաքուն կֆորմալացնե՞ն դա պաշտպանության նախարարությունների կամ ԶՈՒ ԳՇ-երի մակարդակով, թերեւս, այնքան էլ էական չէ:
Փաստ է, որ Ռուսաստանը եւ Ադրբեջանը բացահայտում են ռազմավարական համագործակցությունը: Սա արդեն բավական լուրջ է, որպեսզի դիտարկվի միայն տարածաշրջանային կտրվածքով: Ուշագրավ է, որ Կուրենկովի այցից մեկ օր առաջ Բաքվում է գտնվել Թուրքիայի պաշտպանության նախկին նախարար, խորհրդարանի անվտանգության եւ պաշտպանության հարցերով կոմիտեի նախագահ Աքարը: Նրան ընդունել է Իլհամ Ալիեւը, քննարկվել են անվտանգության եւ պաշտպանության բնագավառում թուրքական պետությունների համագործակցության հեռանկարները: Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ կենտրոն արդեն իսկ գործում է:








































