Հայաստանը մի քանի օր է «թաղված» է սաստիկ բքի, ձյան, մերկասառույցի, մի խոսքով՝ եղանակային անբարենպաստ պայմանների մեջ: Կաթվածահար են լինում հանրապետական, ընդհուպ միջպպետական նշանակության ճանապարհներ: Այս հարցն առաջին հայացքից ընդամենը եղանակային պայմանների հարց է, որոնք այսպես ասած անկասելի են: Կանխատեսելի են, բայց՝ անկասելի, որովհետեւ չես կարող փակել բքի կամ ձյան ճանապարհը: Գործնականում սակայն, այս պատկերը ի ցույց է դնում Հայաստանի համար կարեւորագույն ռազմավարական խնդիր, այն է՝ Հայաստանի ենթակառուցվածքային խեղճությունը: Ակնառու է, որ Հայաստանին պետք են ճանապարհային նոր ենթակառուցվածքներ՝ ամբողջ տարվա ընթացքում հանրապետության տարբեր շրջանների միջեւ կայուն կապն ապահովելու, հետեւաբար նաեւ Հայաստանի եւ այլ պետությունների միջեւ, օրինակ Իրանից-Վրաստան հաղորդակցությունն ապահովելու համար:
Նախօրեին Հայաստանն ու Վրաստանը կնքեցին ռազմավարական գործակցության մասին հռչակագիր: Հայաստանի արտգործնախարարն էլ հայտարարեց, որ Վրաստանի հետ մտադիր են համատեղ աշխատանքով ռեգիոնը դարձնել տարբեր ուղղություններով հատվող ճանապարհների տիրույթ: Մի կողմ թողնենք այս խոսքերի հռչակագրայնության եւ գործնականության աստիճանի հարաբերակցությունը: Վրաստանը տարիներ առաջ սկսեց ռեգիոնում ըստ էության աննախադեպ ծավալի թունելի շինարարություն, որի միջոցով պետք է ապահովի անխափան հաղորդակցություն դեպի Վերին Լարս, շրջանցելով ճանապարհի այն հատվածը, որը պարբերաբար փակվում է ձմեռային եղանակային պայմանների հետեւանքով: Հայաստանը կարիք ունի այդօրինակ լուծումների: Այդպիսիք նախատեսված են Հյուսիս-հարավ ճանապարհի նախագիծի Սիսիան-Քաջարան հատվածում, ինչը իհարկե ողջունելի է, սակայն մեղմ ասած հեռու է բավարար լինելուց: Սյունիքի եւ Վայոց ձորի հետ կապող ճանապարհը այդօրինակ լուծումների կարիք ունի նաեւ այլ հատվածներում:
Հասկանալի է, որ դրանք թանկ նախագծեր են, սակայն խոսքը պետության համար ռազմավարական նշանակություն ունեցող գործոնի մասին է, որը լոկ տրանսպորտային հաղորդակցության հարց չէ, այլ նաեւ ռազմա-քաղաքական անվտանգության: Դժբախտաբար, անցնող երեք տասնամյակի ընթացքում Հայաստանը չի իրականացրել խոշոր ենթակառուցվածքային այնպիսի նախագծեր, որոնք կնպաստեին այդ ռազմավարական լուծումներին: Այո կառուցվել է դեպի Մեղրի նոր, ավելի ցածրադիր ճանապարհ, քան խորհրդային տարիների ճանապարհն էր, սակայն ակնառու է, որ դա բավարար լուծում չէ: Հյուսիս-հարավ նախագիծը եւս կարեւոր է, բայց այն իրականացվել է իր կարեւորության համեմատ խայտառակ որակով ու արդյունավետությամբ, եւ առ այսօր նախագծի «վերբեռնման» տեմպը չի կարող համարվել բավարար: Ճանապարհային ենթակառուցվախքների որակն ու դրանց այսպես ասած ինժեներական տրամաբանությունը պետության այցեքարտն են: Երբ օրինակ Հայաստանը ներկայացնում է համաշխարհային նշանակության լոգիստիկ հայտեր, դրանց ծանոթացողները նայելով բանախոսների դեմքին, անշուշտ ժպտալու են քաղաքավարի, բայց որոշումներ կայացնելու են նայելով ոչ թե բանախոսների դեմքին, այլ՝ պետության ենթակառուցվածքային այցեքարտին: Հայաստանի պարագայում, գոնե առայժմ, այդ այցեքարտը չունի էական որոշումներ խթանող «տեսք»:








































