Բացառված չէ, որ Հայաստանի որեւէ առաջնորդ հետագայում կարող է վիճարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումը է եւ վերստին «վիճելի համարել այդ տարածքները» – Հայաստանի «նոր սահմանադրության անհրաժեշտությունն» այսպես է «հիմնավորում» ադրբեջանցի քաղաքագետը՝ նկատի ունենալով, որ ՀՀ գործող մայր օրենքը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է հայկական պետության մաս: Այդպես է, թե՝ ոչ՝ միջազգային իրավունքի մասնագետները կիմանան կամ, գուցե, հնարավոր է պարզել ՄԱԿ-ի Արդարադատության դատարանում:
Այս դեպքում ավելի կարեւոր է հենց Ադրբեջանի սահմանադրությունը գնահատել: Դիսկուրս բացել բացառապես այն կտրվածքով, որ Հայաստանը «լեգիտիմության կարիք ունի»՝ նշանակում է Ադրբեջանի լեգիտիմությունը կասկածից դուրս թողնե՞լ: Եթե Հայաստանի սահմանադրության նախաբանը հղում է անում անկախության Հռչակագրին, Ադրբեջանի սահմանադրության հիմքում էլ դրված է 1991թ. հոկտեմբերի 18-ի «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական օրենքը, ըստ որի՝ Ադրբեջանը 1918-20 թ.թ. գոյություն ունեցած՝ Դեմոկրատական հանրապետության իրավահաջորդն է: Այդ դե-ֆակտո պետությունը դե-յուրե չի ճանաչվել, Ազգերի լիգայի անդամ չի հանդիսացել, չի ունեցել միջազգայնորեն հարգված սահմաններ:
Եթե Ադրբեջանի սահմանադրությունը չի փոխվում, բավարարվում ենք Իլհամ Ալիեւի «ազնից պիոներական երդումով» եւ ընդունում, որ Ադրբեջանը «Հայաստանից տարածքային պահանջներ չունի»՝ բաց ենք թողնում «սեւ խոռոչը»: Մանավանդ որ Իլհամ Ալիեւը խնդիրն այնպես է ներկայացնում, որ Ադրբեջանը «տարածքներ պահանջելու պատմական եւ իրավական հիմքեր ունի, բայց հանուն խաղաղության բավարարվում է Խանքենդիում իր դրոշի բարձրացմամբ»: Իսկ եթե վաղը նա որոշի, որ դրոշը պետք է մի փոքր էլ կամ արմատական չափով դեպի արեւմուտք տեղափոխե՞լ: Եթե հրահրի, դավագրգռի «համաժողովրդական պահա՞նջ»:
Ադրբեջանն ինքը լեգիտիմ պետություն չէ: Ալիեւը հղում է անում ԱԴՀ քարտեզին: Իսկ այնտեղ ադրբեջանական է նաեւ Վրաստանի Քվեմո-Քարթլին եւ Ռուսաստանի Դերբենտ քաղաքն՝ իր շրջակայքով: Տարածաշրջանում պատերազմի եւ էքսպանսիայի աղբյուրը հենց Ադրբեջանի սահմանադրությունն է: Հայաստանի սահմանադրության նախաբանի՝ Բաքվին իբր թե մտահոգող հղումը, ըստ էության, մի քնարական զեղում է. Հայաստանը Լեռնային Ղարաբաղը յուրացնելու ազգային նպատակ չի ունեցել: Այլապես ԼՂՀ սահմանադրություն չէր ընդունվի: Իսկ Ադրբեջանն ունեցել, ունի եւ ուենանալու է առնվազն Սյունիքը, նվազագույնը՝ Մեղրին բռնակցելու պետական նպատակադրվածություն:
Այնպես որ, հայկական, ներհայաստանյան դիսկուրսի մի շատ էական բաղադրիչ պիտի լինի պահանջը, որպեսզի Բաքուն արմատապես վերախմբագրի «Պետական անկախության վերականգնման մասին» սահմանադրական ակտը եւ հստակ ամրագրի, որ Ադրբեջանական Հանրապետությունը Ադր.ԽՍՀ-ի իրավահաջորդն է: Հակառակ դեպքում ստացվում է «խաղ մի դարպասի վրա»՝ շատ կանխատեսելի ելքով, որ կարող է հայկական պետականության փլուզման հիմք հանդիսանալ:










































