ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, մինչև փետրվարի 15-ը, ճանապարհի վերանորոգման աշխատանքներով պայմանավորված, Մ-6 մայրուղու Վանաձոր-Ալավերդի ճանապարհի մոտ 38-40-րդ կմ հատվածը փակ է լինելու ավտոբուսների և կցորդով կամ կիսակցորդով բեռնատար ավտոմեքենաների համար։ Շրջանցիկ ավտոճանապարհը կգործի Նոյեմբերյան քաղաքով։
Ըստ աղբյուրի՝ փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։
Նշվում է, որ Սյունիքի մարզի ավտոճանապարհները դժվարանցանելի են կցորդիչով բեռնատարների համար։
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Փրկարար ծառայությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։









































