Մեկ միլիոն ֆունտ ստերլինգ նոմինալով թղթադրամը աճուրդի է հանվելու Լոնդոնում: Այս մասին գրում է The Daily Mirror-ը` տեղեկացնելով, որ կոլեկցիոները նախատեսում է դրա համար ստանալ 50 հազար ֆունտ:
Մեկ միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ թղթադրամները տպագրվել են 1948 թ.` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, «Մարշալի պլանի» շրջանակներում, և նախատեսված էին ֆինանսական ինստիտուտների միջև հաշվարկ կատարելու համար:
Այս թղթադրամներն իրենց արժեքը պահպանում էին վեց շաբաթ, որից հետո ոչնչացվում էին: Սակայն աշխարհում պահպանվել է երկու նման թղթադրամ:
Համարվում է, որ պահպանվել են 000007 և 000008 համարներով թղթադրամները: Ներկա պահին վաճառքի է հանվել յոթ համարի թղթադրամը: 1977 թ. այն վաճառվել է ընդամենը 8 հազար ֆունտով, իսկ 1991 թ.` վերավաճառվել 23 հազար ֆունտ ստերլինգով:
Ութ համարի թղթադրամը վաճառվել է 2008 թ. 78 հազար ֆունտ ստերլինգով:











































