Oxford Analytica միջազգային խորհրդատվական-վերլուծական կենտրոնը անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում պատերազմի վերսկսման հավանականության խնդրին.
«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուրջ և անմիջական մարտահրավեր է Հարավային Կովկասի անվտանգության ու կայունության համար։ Այն կարող է ավելի ծավալվել և վերածվել մահացու հակամարտություն, եթե դրանում ներառվեն Ռուսաստանը, Թուրքիան կամ Իրանը։ Այն ունի ապակայունացման ավելի մեծ պոտենցիալ, քան 2008 թվականի ռուս-վրացական կարճատև պատերազմը։ Հիմնական 3 սպառնալիքներն են.
ա) Պատերազմի վերսկսման դեպքում կտուժեն Ադրբեջանի խողովակաշարերը և մասնավորապես «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» նավթամուղը, միջազգային շուկաներում զգալիորեն կաճի նավթի գինը։
բ) Պատերազմը կվտանգի Ադրբեջանի վրայով անցնող օդային միջանցքը, որին բաժին է ընկնում Աֆղանստանում գտնվող ամերիկացի զինծառայողների մատակարարումների ավելի քան 70 տոկոսը։
գ) Ռուսաստանը կարող է միջամտել հակամարտությանը և մեծացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչի արդյունքում Վրաստանը կհայտնվի էլ ավելի մեկուսացված վիճակում։ Բացի այդ, դա կխոչընդոտի Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդավարացման գործընթացին։
Թեև 1994 թվականի մայիսին հաստատվել է հրադադար, այնուամենայնիվ, գնալով մեծանում է պատերազմի վերսկսման հավանականությունը, քանի որ Ադրբեջանը գնալով հիասթափվում է ղարաբաղյան բանակցային գործընթացում ու տրանսպորտային երթուղիների հարցում առաջընթացի բացակայությունից։
Կազանի հանդիպման տապալումից հետո Ադրբեջանի պաշտոնատար անձինք դարձյալ սկսեցին խոսել ղարաբաղյան հակամարտության՝ ուժային ճանապարհով կարգավորման մասին։ Սակայն պատերազմի վերսկսման հարցում առանցքային զսպիչ գործոն է հանդիսանում ոչ այնքան միջազգային հանրության ճնշումը, որքան Ադրբեջանի զինված ուժերի վիճակը։ Ադրբեջանը գիտակցում է իր հնարավորությունների սահմանափակ լինելը։
Ղարաբաղյան հակամարտության կարգավորված չլինելը հանգեցնում է հետևյալին.
ա) վնաս է կրում տարածաշրջանային զարգացումն ու վերինտեգրումը, բ) վնաս են կրում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման փորձերը, գ) փոքր տարածք ունեցող և ծով չունեցող Հայաստանի համար շարունակվում է պահպանվել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ցամաքային շրջափակումը, դ) սահմանների փակ լինելու պատճառով Հայաստանում նկատվում է Ռուսաստանի ազդեցության ու իշխանության աճ, ե) վնաս է կրում Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդավարացման գործընթացը։
Ղարաբաղյան պատերազմում կրած պարտությունը, որի արդյունքում նա ոչ միայն կորցրեց Լեռնային Ղարաբաղը, այլև՝ դրան հարակից շրջանները, Ադրբեջանի համար հանդիսանում է ցավալի համազգային նվաստացում, ինչի համար էլ բազմաթիվ ադրբեջանցիներ կարծում են, որ պատերազմն ավարտված չէ, և ցանկանում են ռևանշի հասնել։ Վերջին շրջանում գրանցվում են մի շարք զարգացումներ, որոնք վկայում են պատերազմի վերսկսման հավանականության մեծացման մասին.
1) տարածաշրջանում ընթացող ներկայիս սպառազինությունների մրցավազքը։ Եթե 2004 թվականին Ադրբեջանի պաշտպանական բյուջեն կազմում էր 175 միլիոն դոլար, ապա այս տարի այն հասցվել է 3.1-3.3 միլիարդ դոլարի, ինչը կազմում է ողջ պետբյուջեի 20 տոկոսը։ Սակայն այստեղ կարևոր է այդ գումարները տեղին ու արդյունավետ ծախսելը, քանի որ Ադրբեջանի զինված ուժերում տարածված է կոռուպցիան։
2) Ադրբեջանը ներկայումս մեծ ուշադրություն է հատկացնում իր պաշտպանական բյուջեի հաշվին ռեալ գնումներ անելուն։ Այս տարի նա 1.4 միլիարդ դոլար է հատկացրել նոր հարձակողական զինատեսակներ գնելուն՝ զրահամեքենաներից սկսած մինչև տարբեր տիպի հրթիռային համակարգերը։ Մոտ 750 միլիոն դոլար է հատկացվել Ռուսաստանից S-300 տիպի երկու զենիթա-հրթիռային կոմպլեքսի գնման համար, որն իր պաշտպանական բնույթով նման է ամերիկյան Patriot հրթիային համակարգերին։ S-300-ը պաշտպանելու է այնպիսի կարևորության օբյեկտներ, ինչպիսիք են նավթահանքերն ու խողովակաշարերը։
Ադրբեջանը նաև ակտիվորեն զարգացնում է սեփական ռազմական արդյունաբերությունը։ Նա տեխնիկական աջակցություն է ստանում Պակիստանից, Թուրքիայից և Իսրայելից։ Թեև այս աճող ոլորտը հիմնականում ուղղված է հրաձգային զենքի, զինամթերքի և հետևակի աջակցության համար նախատեսված տրանսպորտային միջոցների հայրենական արտադրությանը, այնուամենայնիվ, հավելյալ ջանքեր են գործադրվել ավելի առաջադեմ հարձակողական զենքեր արտադրելու համար՝ գիշերային տեսանելիության սարքերից սկսած մինչև անօդաչու թռչող սարքեր։ Ադրբեջանը ցանկանում է ռազմական արդյունաբերության ոլորտում ընդլայնել Թուրքիայի, Պակիստանի, ինչպես նաև ՀԱՀ-ի հետ իր համագործակցությունը։ Դա միտված է Ռուսաստանից կամ Արևմուտքից ունեցած մեծ կախվածության նվազմանը։
3) Ադրբեջանի զինված ուժերի դիրքավորվածությունը և սպառնալիքների ընկալումը։ Ադրբեջանի զինված ուժերի ծավալումն ի ցույց է դնում 3 տարբեր ուղղություն. ա) Կապիտալ և ծովային անվտանգություն։ Ադրբեջանի արևելքում, որտեղ գտնվում է նաև մայրաքաղաք Բաքուն, ծավալված են ամենալավ նախապատրաստված ու հագեցված ստորաբաժանումները։ Այստեղ են գտնվում Բաքվի «պաշտպանության ուժերը» և Կասպիցի ծովային անվտանգության ուժերը։ Այս էլիտար ստորաբաժանումները ստանում են առաջին տեսակի սպառազինություն ու աջակցություն, և ամենալավն են նախապատրաստված։
բ) Հակատարածման և հակաապստամբական ուժեր։ Սրանցից առաջինը տեղակայված է հարավային ուղղությամբ՝ Իրանի սահմանի երկայնքով, իսկ երկրորդը՝ հյուսիսային ուղղությամբ՝ Ռուսաստանի սահմանի երկայնքով՝ հաշվի առնելով հարևան Դաղստանում առկա իսլամական խմբավորումներից բխող սպառնալիքը։
գ) Սահմանամերձ ստորաբաժանումներ։ Սրանք ամենաթույլ հագեցված զորքերն են, որոնք տեղակայված են երկրի հյուսիս-արևմուտքում և արևմուտքում՝ համապատասխանաբար Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի սահմանի երկայնքով։ Հաշվի առնելով սպառազինության թույլ լինելը, վատ պայմանները և ռազմաճակատի երկայնքով տիրող լարվածությունը՝ այս զորքերի մարտունակությունն ու կարգապահությունը բավական ցածր է։
Որքան որ դա կարող է պարադոքսալ հնչել, այդ ներքին թուլությունը և կարգապահության բացակայությունն ավելի են մեծացնում պատերազմի վերսկսման հավանականությունը։ Այդպիսով, պատերազմի ավանդական մշուշն ավելի նկատելի է դառնում՝ ստեղծելով վտանգավոր անկայուն և անկանխատեսելի իրավիճակներ առանց այն էլ լարված ճակատի երկայնքով։
Այդ ռիսկի նվազեցման ուղղությամբ քայլերից մեկը կարող է լինել պաշտպանական ծախսերի և վերասպառազինման ավելացումը՝ կանխելով ամեն տիպի հարձակողական սպառազինության հատկացումը հակամարտող կողմերին, ամրագրելով ԵԱՀԿ-ի և ԵՄ-ի ոչ պարտադիր էմբարգոն։ Այդպիսի քայլը հակամարտող կողմերին կարող է հետ պահել սպառազինությունների հետագա մրցավազքից, ուժային տեսանկյունից որոշակի հավասարակշռություն մտցնել տարածաշրջանում և հակամարտող կողմերին հասկացնել, որ ղարաբաղյան հակամարտությունը չի կարող կարգավորվել ուժային ճանապարհով։











































