Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հաղորդագրություն է տարածել Իրաքյան Քրդաստանում եւ Սիրիայի օկուպացված տարածքներում իսրայելական «Մոսադի» եւ Իսլամական պետության կենտրոններին, ահաբեկչական խմբավորումների հենակետերին հրթիռային հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան Քեմրանում պայթյունների եւ ԻՀՊԿ բարձրաստիճան զինվորականների սպանությունների: Irna գործակալության աղբյուրների փոխանցմամբ՝ Սիրիայի բռնազավթված տարածքներում Իրանը հրթիռակոծել է Իդլիբի շրջանում Իսլամական պետության տեղական կառույցի՝ Ահրար ալ-Շամի եւ Թուրքեստանի կուսակցության զինառյալների հենակետերը:
Ըստ տեղեկությունների, Իրաքյան Քրդաստանի մայրաքաղաք Իդլիբում իրանական հրթիռը խոցել է տարածաշրջանում հայտնի միլիարդատիրոջ առանձնատունը: Նա համարվում էր «Մոսադի» գործակալական ցանցի տարածաշրջանային համակարգողը: Սիրիայի հյուսիսի բռնազվթված շրջաններում չափազանց մեծ է Թուրքիայի ազդեցությունը: Իրանի պաշտոնական լրատվամիջոցի շեշտադրումը, որ հարված է հասցվել նաեւ Թուրքեստանի կուսակցության ռազմական հենակետերին, կարծես թե ենթատեքստ ունի:
ԻՀՊԿ գիշերային հրթիռահարումների առթիվ Բաքվի իշխանամերձ լրատվամիջոցի հրապարակումը, որ ունի «Իրանը թնդանոթներից համազարկ է տալիս ծտերին» խորագիրը, ավարտվում է այս ընդհանրացմամբ. «Մեծ հաշվով Էրբելին Իրանի հասցրած հարվածները կոնցեպտուալ առումով նոր ոչինչ չեն ասում: Մի իրավիճակ է, երբ ամեն ինչ կախված է նրանից, թե ԱՄՆ-ը եւ Իսրայելը, մասամբ նաեւ Թուրքիան կոնսենսուսի կգա՞ն Իրանին պատասխանելու հարցում, թե ընթացքը կարգելակվի, ինչը շատ հավանական է»:
Ըստ էության, ստացվում է, որ իսրայելա-պաղեստինյան պատերազմում Թուրքիան եւ Իրանը սկզբունքորեն տարբեր դիրքորոշում ունեն, կարելի է ասել՝ մրցակիցներ են: ԻՀՊԿ –ն հրթիռային հարվածները հիմնավորում է Քերմանի ահաբեկչությամբ, Իդլիբում հրթիռակոծվում են Թուրքիայի հովանավորությամբ գործող զինված խմբավորումների հենակայանները: Չի՞ հետեւում, որ Իրանը Քերմանի ահաբեկչության կազմակերպման գործում նաեւ թուրքական հետք է տեսնում:
Բաքվի լրատվամիջոցը, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունների տեղեկատվա-քարոզչական պրոյեկտ է, ակնարկում է Իրանին պատասխանելու հարցում իսրայելա-ամերիկյան եւ թուրքական կոնսենսուսի մասին: Տարեսկզբից Իլհամ Ալիեւը կոշտացրել է հռետորաբանությունը: Դա, թերեւս, ունի նաեւ Իրանի հետ կոմունիկացիոն համաձայնություններից հետքայլ անելու անոնսի իմաստ: Թուրքիան դեմ է Իրանի տարածքով Ադրբեջանի հետ հաղորդակցությանը, ինչպես նաեւ՝ ԱՄՆ-ը:
Բայց դա մի նախագիծ է, որ քննարկվել է նաեւ Մոսկվայի հետ, Ադրբեջանը Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցք ապահովելու պարտավորություն ունի: Ինչպե՞ս է Ալիեւը «կարգավորվելու» Պուտինի հետ: Իրաքյան Քրդստանին եւ Սիրիայի հյուսիսի բռնազավթված տարածքներին հրթիռային հարվածներ հասցնելու նախօրեին տեղի է ունեցել Իրանի եւ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույց: Նույն օրը կայացել է Ադրբեջանի եւ Արաբական միացյալ էմիրությունների արտգործնախարարների հեռախոսազրույցը:










































