Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Ստամբուլ այցի հաջորդ օրը, երբ նա բանակցություններ էր վարում Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, Իսրայելի հյուսիսային շրջանները Լիբանանի հարավից ենթարկվեցին հրթիռային հարձակման: «Հեզբոլլա»-ն հայտարարել է, որ դա «վրեժխնդրություն է»: Հունվարի 2-ին իսրայելական ԱԹՍ-ի կամ մարտական օդուժի արձակած երեք հրթիռները Բեյրութի Դահիա արվարձանում ոչնչացրել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայաններից մեկը, զոհվել է կազմակերպության երկրորդ դեմք հանդիսացող Սալեհ ալ-Արուրին:
«Հեզբոլլա»-ի հրթռակոծությունը, երեւում է, նշանակետային էր: Իսրայելի Պաշտպանության բանակը երկու օր անց խոստովանել է, որ Մերոն լեռան հատվածում հակաօդային պաշտպանության եւ թռիչքների վերահսկման կենտրոնին «ենթակառուցվածքային վնասներ են պատճառվել»: Խոսքը տարածաշրջանային նշանակության համակարգի մասին է, որ Իսրայելում անվանում են «պետության աչքեր»: Ավելի վաղ «Հեզբոլլա»-ի ներկայացուցիչը հայտարարել էր այդ համակարգի «լիովին ոչնչացման» մասին: Իսրայելի ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությունից ենթադրվում է, որ հասցված վնասն իրոք շոշափելի է:
Տեղեկատվության ռազմական նշանակության կամ հետեւանքների մասին կարող են դատել ռազմական փորձագետները: Փաստն այն է, որ Իսրայելի ռազմական ներուժի «մանտրան» փորձության է ենթարկվել, եւ դա փոխում է ժամանակակից պատերազմի մասին պատկերացումները: Բրիտանական The Telegraph-ը հատուկ ուսումնասիրություն է հրապարակել Գազայի հատվածում պատերազմից ի վեր իսրայելական բանակի տեխնիկական կորուստների մասին: Եզրակացությունն այն է, որ պաղեստինցի մարտիկները նույնիսկ ինքնաշեն զինատեսակներով կարողացել են մոտ մեկ տասնյակ գերարդիական տանկեր ոչնչացնել, շուրջ երկու տասնյակ զրահամեքենաներ:
Իհարկե, Արեւմուտքն Իրանին մեղադրում է ՀԱՄԱՍ-ին եւ «Հեզբոլլա»-ին թեւավոր հրթիռների տեխնոլոգիաներ տրամադրելու մեջ, բայց միշտ եւ ամենուր գործում է «պատերազմում՝ ինչպես պատերազմում» սկզբունքը: Խնդիրն այն է, որ Գազայի պատերազմում Իսրայելը ծախսում է չափազանց թանկարժեք եւ բարձր տեխնոլոգիական սպառազինություն, իսկ արդյունքը, մեղմ ասած, այն չէ:
Իրանական Irna գործակալությունը, վկայակոչելով անանուն աղբյուրների, գրում է, որ «Հեզբոլլա»-ի հրթիռային հարվածների ազդեցությունն այնքան մեծ է, որ Իսրայելի ռազմական խորհրդի հինգ անդամներից երկուսը հրաժարվել է մասնակցել վարչապետ Նեթանյահուի հրավիրած արտահերթ նիստին: Կարելի է ընդունել, որ գործ ունենք տեղեկատվական հակաքարոզչության հետ, բայց փաստը մնում է փաստ. ռազմական մի խմբավորման հաջողվել է առնվազն վնասել Իսրայելի՝ տարածաշրջանային նշանակության թռիչքների վերահսկման կենտրոնը:
Ենթադրվու՞մ է, որ այդ հարվածն ուղղված է Մերձավոր Արեւելքում Իսրայելի օդային գերակայության դեմ: Իսրայելի օդուժն անարգել հարվածներ է հասցնում Սիրիային եւ Լիբանանին, տարածաշրջանում բավական ազատ է նաեւ Թուրքիան: Եւ արդյոք իսրայելական կենտրոնի «վնասումը» չի նշանակում, որ մեծ պատերազմ է հասունանում եւ անհրաժեշտություն է առաջացել, որպեսզի Իսրայելը գոնե մասամբ «կորցնի տեսողությունը»:











































