Հունվարի 5-ին Միացյալ Նահանգների պետքարտուղար Բլինքենը չի մեկնի Իսրայել: Ըստ ամերիկյան մամուլի՝ այցը կարող է կայանալ հաջորդ շաբաթասկզբին: Պատճառը, երեւում է, Բեյրութի Դահիա արվարձանում ՀԱՄԱՍ-ի առաջնորդներից Սալեհ ալ-Արուրիի սպանությունն է, որ իրականացրել են Իսրայելի հատուկ ծառայությունները: Իրանի պաշտպանության նախարար Մոհամադ Ռզա Աշտիանը սպանության պատասխանատվությունը վերագրել է Միացյալ Նահանգներին, որ «խախտել են տարածաշրջանում հավասարակշռությունը եւ կզգան դրա հատեւանքները»:
Բլինքենի մերձավորարեւելյան շրջայցի գլխավոր նպատակը, ինչպես եզրակացնում են ամերիկացի փորձագետները, Մերձավոր Արեւելքում լայնածավալ պատերազմի կանխումն է: Իրանի պաշտպանության նախարարի ձեւակերպումից կարելի է ենթադրել, որ խախտվել է ինչ-որ համաձայնություն: Նույն օրը թուրքական մամուլը հայտնել է Ստամբուլում եւ յոթ նահանգներում իրականացված հատուկ գործողության մասին, որի ընթացքում ձերբակալվել է երեսունչորս անձ: Նրանք կասկածվում են «Մոսադի» գործակալ լինելու եւ Թուրքիայի տարածքում ՀԱՄԱՍ-ի ազդեցիկ ներկայացուցիչների «առեւանգումը կազմակերպելու մեջ»: Զուգահեռաբար Թուրքիայի Ազգային հետախուզական ծառայությունը հայտնել է Իրաքի Սուլեյմանիե քաղաքում Քրդական բանվորական կուսակցության «գումարտակային հրամանատարներից մեկի» սպանության մասին: Հաղորդագրության մեջ հատուկ շեշտվում է, որ նա՝ Իսլամ Ջանֆերան, ծագումով իրանցի է:
Հունվարի 3-ին երկու հզոր պայթյուն է որոտացել Իրանի Քերման քաղաքի գերազմանոց տանող ճանապարհին: Հազարավոր իրանցիներ երթով շարժվում էին դեպի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի նախկին հրամանատար Կասեմ Սուլեյմանիի գերեզմանը՝ նրա հիշատակին հարգանքի տուրք մատուցելու: Պայթյունները խլել են հարյուրից ավելի մարդու կյանք, վիրավորների թիվն անցել է երկու հարյուրից: Սրանք դեռ վերջնական տվյալներ չեն: Իրանական կողմից պաշտոնական գնահատական այս պահի դրությամբ դեռեւս չի հնչել:
Ուշագրավ է, որ Քերմանում պայթյունների մասին տեղեկատվությունից անմիջապես մի քանի րոպե անց Irna գործակալության կայքի ռուսերեն տարբերակը հեռացրել է Իրանի նախագահ Ռայիսիի Թուրքիա կատարելիք այցի մասին ընդարձակ հաղորդագրությունը: Քերմանում պայթյունների մասին տեղեկատվությանը զուգահեռ հայտնի է դարձել, որ Եմենի հուսիները Կարմիր ծովում ԱԹՍ-ի հարված են հասցրել ֆրանսիական մի նավի: Ավելի վաղ ամերիկյան մամուլը գրել էր, որ Ֆրանսիան Լիբանանի կառավարության հետ բանակցությունների մեջ է, որպեսզի երկրի հարավում Իսրայելի հետ սահմանի հսկողությունը «Հեզբոլլահ»-ից փոխանցվի լիբանանյան բանակին: Եմենի հուսիները համարվում են իրանական պրոքսի-զինված խմբավորումներ: Նրանց կողմից ֆրանսիական նավի դեմ հարձակումն ակնհայտորեն Իրան-Ֆրանսիա հարաբերությունները սրելուն ուղղված քայլ է:
Մերձավոր Արեւելքն, այսպիսով, նոր տարին սկսում է «պայթյունից հինգ րոպե պակաս» լարվածությամբ: Միացյալ Նահանգների պետքարտուղարին կհաջողվի՞ հաջորդ շաբաթ մեկնել Իսրայել: Բայց դիվանագիտական ի՞նչ «քեյսով» է նա մեկնելու: Իսրայելը, կարծես, պնդում է, որ Գազայի հատվածից պաղեստինցի արաբները պետք է հեռանան: Վաշինգտոնը, Լոնդոնը եւ Բրյուսելը կարո՞ղ են համաձայնել այդ տարբերակին: Դա կնշանակի արաբական եւ գրեթե ամբողջ իսլամական աշխարհի հետ ճակատագրական խզում: Բայց ո՞րն է այլընտրանքը: Իսրայելի զոհաբերու՞մը: Թե ամեն ինչ կթողնվի մեծ պատերազմի ելքի հույսի՞ն: Ո՞վ է այդ դեպքում «լցնելու» հարավկովկասյան վակուումը:









































