Դեկտեմբերի 5-ին Մոսկվայում կայացած Մերձկասպյան երկրների հնգյակի արտգործնախարարների հանդիպումը մեզանում ուշադրություն գրավեց իհարկե Լավրով-Բայրամով հանդիպմամբ, որի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունները համեմատաբար սուղ են: Այստեղ սակայն ընդհանուր առմամբ միտումներն ու տրենդները զգալիորեն հասկանալի են եւ հանդիպումը թերեւս դրանց շրջանակում էր: Մոսկվայում հնգյակի հանդիպումն ինքնին սակայն ունի թերեւս մեզ համար նույնպես ուշագրավ այլ հանգամանք, որն արտացոլված է հանդիպումից հետո հնգյակի արձանագրությունում:
Մասնավորապես, այնտեղ կետերից մեկում խոսվում է այսպես ասած «Թեհրանյան արձանագրութան» Քարտուղարություն հիմնելու գործընթաց սկսելու մասին: Բանն այն է, որ Թեհրանյան արձանագրությունը ընդունվել է 2003 թվականին՝ Իրանի մայրաքաղաքում տեղի ունեցած հնգյակի վեհաժողովի արդյունքում, եւ վերաբերում է Կասպիսի ավազանի կարգավորմանը լայն տնտեսա-քաղաքական իմաստով: Այն ըստ էության հիմնարար փաստաթուղթ է: Փաստացի, երկու տասնամյակ անց, Մոսկվայում տեղի ունեցած հանդիպմանը արձանագրվում է դրա ինստիտուցիոնալացման՝ քարտուղարության ստեղծման գործընթացի մասին, ինչը անշուշտ կնշանակի նոր գործընթաց Կասպիսի ավազանում, որի առաջնորդողը թերեւս Ռուսաստանն ու Իրանն են, հնգյակի անխոս առաջատար երկրները:
Եվ այդ գործընթացի հանգամանքը ուշադրության է արժանի նրանով, որ Թեհրանյան արձանագրության ինստիտուցիոնալացմանը ձեռնամուխ լինելով, Մոսկվան ու Թեհրանը թերեւս փորձում են Կասպիսի ավազանը վերածել Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի միջեւ յուրօրինակ «պլացդարմի», ինչն անկասկած միտված է այդ ռեգիոնի առնչությամբ հետաքրքրություն ցուցաբերող արեւմտյան խաղացողներին կանգնեցնելու գործին, հատկապես ներկայիս փուլում, երբ խնդիրը բավականին ինտենսիվ դիվանագիտական պայքարի ռեժիմ է թեւակոխել նաեւ Կովկասում: Կասպիսի ավազանն այդ իմաստով Թեհրանն ու Մոսկվան կփորձեն թերեւս դարձնել Կովկասի եւ Կոնտրոնական Ասիայի միջեւ յուրօրինակ «պատնեշ», իհարկե այդ հասկացության փոխաբերական իմաստով: Սա անշուշտ ենթադրելու է որոշակի պատասխան Արեւմուտքից, միաժամանակ հարցով՝ թե ո՞ր կողմում է լինելու Թուրքիան, քանի որ «պատնեշն» ի վերջո նաեւ նրա ճանապարհին է:










































