1920թ. ապրիլի 28-ին Բաքվում խորհրդային իշխանություն հաստատվեց: Բոլշեւիկները ձեւավորեցին Հեղկոմ, նախագահ նշանակվեց Նարիման Նարիմանովը, որ բավական ջերմ հարաբերություններ ուներ Ադրբեջանի դեմոկրատական հանրապետության «հայրերի» հետ: Առանձնահատուկ էր Ադրբեջանի ազգային խորհրդի նախագահ Մամեդ-Էմին Ռասուլզադեի հանդեպ վերաբերմունքը: Նա Ստալինի անձնական երաշխավորությամբ տեղափոխվեց Մոսկվա, պաշտոնի նշանակվեց ազգությունների կոմիսարիատում, 1923-ին գրեթե լեգալ անցավ Ֆինլանդիա: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Ռասուլզադեն ներգաղթեց Թուրքիա, որտեղ էլ մահկանացուն կնքեց, թաղված է Անկարայում:
Պատերազմի տարիներին Ռասուլզադեն համագործակցել է ֆաշիստական Գերմանիայի հետ: Նրա անմիջական գլխավորությամբ կազմավորվել են ադրբեջանցի ռազմագերիների մի քանի զորամիավորումներ: Հայտնի է այդ լեգեոներների դաժանությունը հատկապես Վարշավայի ապստամբությունը ճնշելու ժամանակ: Ռասուլզադեն, սակայն, խորհրդային հակահետախուզության կողմից չի հետապնդվել: Նրա անունը չի շոշափվել նաեւ հետխորհրդային Ռուսաստանու: Պուտինյան Ռուսաստանի համար նա ոչ Բանդերա է, ոչ՝ Նժդեհ:
Տարեվերջին Բաքվի լրատվամիջոցներում տեղեկություն տարածվեց, որ Ռասուլզադեի թոռը «նախագահական ընտրություններում պաշտպանում է Իլհամ Ալիեւի թեկնածությունը»: Անմիջապես էլ հայտնի դարձավ, որ Ալիեւը Ռասուլզադեի 140-ամյակը նշելու մասին կարգադրություն է ստորագրել: Ինչի՞ հետ գործ ունենք: Ռասուլզադեի թոռան աջակցությունը նախագահի արտահերթ ընտրություններում Ալիեւին ոչինչ չի տալիս. «Մուսավաթ» կուսակցությունը թեկնածու չի առաջադրել, մյուսները բացառապես սիմվոլիկ մրցակիցներ են եւ նախընտրական քարոզչության իրենց ժամանակը հաստատ ծախսելու են Ալիեւի օգտին: Ռասուլզադեի հիշատակի օրինականացումը կապ ունի՞ նրա հանդեպ բոլշեւիկյան հանդուրժողականության հետ:
Խնդիրն, ըստ երեւույթին, բավական խորքային է: Բանն այն է, որ Իլհամ Ալիեւը բազմիցս Ռասուլզադեին «դավաճան» է անվանել: Ըստ Ալիեւի՝ Ադրբեջանի ազգային խորհուրդը, որի նախագահը Մամեդ-Էմին Ռասուլզադեն էր, 1918թ. մայիսի 28-ին «ադրբեջանական Երեւան քաղաքը հանձնել է հայերին»: Ռասուլզադեի 140-ամյակի տոնին Ալիեւը մասնակցելու՞ է, խոսքն ի՞նչ մակարդակի եւ քաղաքական որակի միջոցառման մասին է: Ռասուլզադեին կարելի է ներկայացնել որպես մտավորական-լուսավորիչ, հրապարակախոս, քաղաքական գործիչ, բայց նա հայտնի է որպես անկախ Ադրբեջանի հիմնադիր: Նրան է վերագրվում «մեկ անգամ բարձրացված դրոշն այլեւս երբեք չի խոնարհվի» ասույթը: Ալիեւը կրկնելու՞ է այն՝ ինչպես Ստեփանակերտում հայտարարեց, որ իրենք «ընդմիշտ են վերադարձել»:
Բայց նա ասել է, որ կատարել է հոր՝ անկախ Ադրբեջանի հիմնադիր Հեյդար Ալիեւին տված խոստումը, նրա պատգամն է ի կատար ածել: Ադրբեջանում երկրորդ հիմնադիր-հոր կերպա՞ր է վերականգնվում: Ի՞նչ ուղերձ է դա: Ռասուլզադեն այլեւս դավաճան չէ՞: Ինչպե՞ս է հարգվելու նրա հիշատակը: Բաքվում Ռասուլզադեի վերաթաղու՞մ է կազմակերպվելու, նրան արձա՞ն է կանգնեցվելու: Իսկ եթե Ռասուլզադեի արձանը ստվերի տակ թողնի Հեյդար Ալիեւի մոնումե՞նտը:
Ռասուլզադեն Իոսիֆ Ստալինի ընկերն ու նրա հովանավորյալն էր: Բայց չէ՞ որ ստալինյան հատուկ ծառայությունների «շինելից» է նաեւ Հեյդար Ալիեւը: Կարծիք կա, որ նա մոտ մեկ տասնամյակ խորհրդային հետախուզություն ռեզիդենտն է եղել…Անկարայում: Այդ տարիներին Ռասուլզադեն դեռ կենդանի էր:











































