Ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, որը բազմիցս աչքի է ընկել ադրբեջանական պաշտոնական նարատիվներ առաջ մղելու տեղեկատվական քաղաքականությամբ, օրերս հրապարակել է հոդված՝ հղում անելով Ալիեւի աշխատակազմի անանուն աղբյուրներին, թե Հայաստանն ու Ադրբեջանը մտադիր են խաղաղության պայմանագիր կնքել Ամանորից անմիջապես հետո: Ըստ հրապարակման, Փաշինյանն ու Ալիեւը Սանկտ-Պետերբուրգում կայացած միջոցառումներից առաջ առավել քան երբեւէ մոտ են եղել պայմանագրի ստորագրմանը: Այն, որ հրապարակումը քիչ աղերս ունի իրականության հետ, վկայում է ոչ միայն Բաքվի հռետորաբանությունը, այլեւ Իրանի արտգործնախարարի Երեւանում նախօրեին արած հայտարարությունը:
Ամիր Աբդոլահիանը հայտարարեց, որ հույս ունեն, որ 2024-ի առաջին ամիսներին հնարավոր կլինի հասնել կայուն խաղաղության: Նկատենք, խոսքն առաջին ամիսների, այլ ոչ թե օրերի մասին է: Այստեղ սակայն խնդիրն այն չէ, որ «Կոմերսանտը» կարող է հրապարակել ոչ ստույգ տեղեկատվություն: Հրապարակումն արվում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմին հղումով, թեկուզ անանուն: Սա նշանակում է թերեւս, որ նախաձեռնությունը գալիս է հենց այնտեղից: Ըստ այդմ դրանով է դառնում ուշադրության առարկա, թե ինչո՞ւ է Բաքվից գալիս այդ նախաձեռնությունը: Ո՞րն է այդ մանիպուլյատիվ գեներացիայի իմաստը, ընդ որում Սանկտ-Պետերբուրգում միջոցառումներից եւ Փաշինյան-Ալիեւ շփումներից հետո , եւ գեներացիա ռուսական մեդիահարթակով: Ըստ ամենայնի, Սանկտ-Պետերբուրգի շփումները Բաքուն այդ կերպ փորձում է «կոնվերտացնել» Արեւմուտքում, առնվազն որոշակի տրամադրություններ խթանելու իմաստով, այդ թվում նաեւ Հայաստանի քաղաքականության առնչությամբ:
Բաքվի այդ «մեթոդաբանության» մասին բարձրաձայնել է Հայաստանի վարչապետը, շատ ավելի վաղ, նշելով, որ Ադրբեջանն արեւմտյան հարթակներում փորձում է Հայաստանը ներկայացնել իբրեւ Ռուսաստանի կցորդ, իսկ Ռուսաստանում փորձում է Հայաստանը ներկայացնել իբրեւ դեպի Արեւմուտք գնացող: Ադրբեջանի այդ ջանքը առաջին հայացքից միայն կարող է թվալ պարզունակ, իսկ գործնականում այն կառուցված է նուրբ խաղի վրա, որ ընթանում է ռեգիոնում եւ որը Բաքուն հասկանում է անկասկած, այդ թվում հասկանալով նաեւ այդ խաղում Հայաստանի խնդիրներն ու դրանց լուծման համար պահանջվող խրթին եւ նուրբ խաղի հանգամանքը:
Այստեղ առավել խնդրահարույց կարող է լինել այն, որ հայաստանյան հասարակական-քաղաքական ներկապնակն իր բովանդակության մի զգալի ծավալով, կամա, թե ակամա հայտնվել է Բաքվի այդ մեթոդաբանության օժանդակ գործոնի կարգավիճակում: Ընդ որում, սա նոր երեւույթ չէ եւ դրա արմատն անշուշտ Հայաստանում այդպես էլ չարմատավորվող հասարակական-քաղաքական ինստիտուցիոնալ հարաբերությունների, հետեւաբար նաեւ դրանց միջոցով ձեւավորվելիք հայկական պետական օրակարգի բացակայությունն է:









































