Ադրբեջանի իշխանությունները վստահեցնում են, որ «Եվրատեսիլ 2012» երաժշտական մրցույթի ժամանակ, որը տեղի է ունենալու Բաքվում, ադրբեջանցիներն իրենց երկիր ժամանող միասեռականներին նորմալ վերաբերմունք կցուցաբերեն: Այս մասին հայտնում է BBC-ն` նշելով, որ այս հայտարարությունը հակասում է այն իրավիճակին, որը տիրում է այդ երկրում:
«Իմ եղբայրը երդվել է սպանել ինձ, որից հետո ինքնասպանություն գործել»,- ասել է ադրբեջանցի նկարիչ Բաբի Բադալովը, ով միասեռական լինելու պատճառով ստիպված է եղել քաղաքական ապաստան խնդրել Ֆրանսիայում: «Իմ քույրը գոռացել է ինձ վրա հեռախոսով և զգուշացրել, որ ես երբեք չվերադառնամ Ադրբեջան: Ես հույս չունեմ, որ իմ հարազատներից որևէ մեկին երբևէ կտեսնեմ»,- հայտարարել է նկարիչը:
Բադալովի ընկերուհին, ով նույնպես նկարչությամբ է զբաղվում, ասել է, որ նա բոլորից թաքցնում էր իր միասեռականությունը և, ի վերջո, այլ տարբերակ չգտնելով՝ ստիպված էր հեռանալ: 2008 թ. Բադալովը քաղաքական ապաստան էր խնդրել Մեծ Բրիտանիայից, սակայն նրան մերժել էին` պատճառաբանելով, որ Ադրբեջանում միասեռականությունն օրենքով չի հետապնդվում:
««Եվրատեսիլի» ժամանակ ոչ ոք չի կարող անհանգստացնել միասեռականներին»,- նշում է Ալեքփեր Ալիևը, ով հայտնի է դարձել ադրբեջանցի և հայ միասեռականների սիրո պատմության մասին հրատարակած իր սկանդալային գրքով:
Ինչ վերաբերում է Բադալովին, ապա նա նշել է, որ չի հավատում, թե Ադրբեջանը մի օր ժամանակակից աշխարհի մաս կկազմի: «Ադրբեջանում խախտվում են բոլոր մարդկանց իրավունքները և միասեռականներն այստեղ բացառություն չեն»,- եզրափակել է նկարիչը:







































