Ակնառու է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի վերաբերյալ դիվանագիտական հայտարարությունների ինտենսիվացումը, ընդ որում գրեթե բոլոր միջազգային դերակատարների շրջանակում: Այդօրինակ իրավիճակ լինում է թերեւս երկու պարագայում՝ կամ իրապես մեծ եւ շոշափելի, առարկայական հնարավորության, կամ դրա բացակայայության՝ այդ հնարավորությունը վերահսկելու համար մղվող աշխարհաքաղաքական պայքարի թեժացման հետեւանքով: Ընդ որում, այդ պայքարի որեւէ մասնակից մրցակից կողմի նախաձեռնությունը տապալելու համար կարող է ներկայացնել սեփական նախաձեռնություն, այսինքն մրցակցել այսպես ասած «պոզիտիվ խոչընդոտի» տրամաբանությամբ: Ինչ գործնական վիճակ է այդ առումով Կովկասում, միարժեք ասելը դժվար է թերեւս բոլորի համար: Այստեղ սակայն կարեւոր նրբերանգ է թերեւս այն, որ իրական խաղաղության եւ խաղաղության պայմանագրի միջեւ ուղիղ կապը խաբկանք է:
Այլ կերպ ասած, որեւէ պայմանագրի կամ համաձայնագրի, հռչակագրի որեւէ ստորագրում՝ արտահայտելով խաղաղություն, խաղաղություն չի բերելու բոլորովին: Եվ սա լոկ զգացական անվստահության հարց չէ, այլ քաղաքական իրողություններից, իրերի դասավորությունից բխող իրավիճակ: Անքննելի է թերեւս, որ կա խաղաղության ըստ էության երեք հիմնարար «երաշխիք»: Խաղաղության երաշխիք է հակամարտող կողմերի միջեւ ուժերի այնպիսի բալանսը, որը նրանցից որեւէ մեկին թույլ չի տալիս մտածել մյուսի հանդեպ ռազմական կամ քաղաքական առավելության իրատեսականության մասին, հետեւաբար բերում է փոխհամաձայնություն գտնելու դաշտ: Խաղաղության երաշխիք է որեւէ մեկ ուժային կենտրոնի ամուր գերակայություն ռեգիոնում, որը իրենով «փոխարինում» է հակամարտող կողմմերի միջեւ ուժերի բալանսի մեծ տարբերությունը եւ պարզապես պարտադրում իր շահերից ու պատկերացումներից բխող ստատուս-քվո:
Եվ երրորդ՝ խաղաղության երաշխիք է միջազգային հավաքականություն ենթադրող որեւէ մեխանիզմ, լինի այն համաշխարհային, թե ռեգիոնալ բնույթի, որը կապահովի որոշակի հավասարակշռություն, խաղի երկարատեւ կանոններ, որոնցում կբացառի ուժի կիրառումը: Թվում է, որ երկրորդ եւ երրորդ տարբերակները հարաբերական խաղաղության երաշխիքներ են, քանի որ հիմնված են ավելի շուտ ոչ թե կողմերի համաձայնության, որքան ավելի բարձր ուժային բալանսի թելադրանքով: Բայց, առաջին՝ տեսականում ավելի խորքային թվացող մեխանիզմը կամ երաշխիքը, գործնականում առումով թերեւս ամենաանիրատեսականն է, մի շարք հանգամանքների բերումով: Ահա այդ առումով, ներկայումս հարցեր է առաջացնում հանգամանքը, որ կարծես թե առաջնային պլան է մղվում հենց այդ տարբերակը, առնվազն տեսանելիության իմաստով: Այսինքն, գործնական առումով իրականանալիության ամենափոքր, թերեւս զուտ տեսական հնարավորություն ունեցող տարբերակը: Հետեւաբար առաջանում է հարց, թե ի՞նչ է կատարվում այդ տարբերակի հետեւում:










































