Ուրուգվայն ուշադրությամբ է հետեւում հարավկովկասյան իրավիճակի զարգացումներին, նախօրեին Մոնտեվիդեոյում Հայաստանի նախագահին հյուրընկալելիս ասել է Ուրուգվայի հանրապետության նախագահը: Հայաստանի նախագահը 13 հազար կմ օդային ճանապարհը կտրել անցել է Արգենտինայի նորընտիր նախագահի, օդիոզ նախագահի երդմնակալության արարողությանը մասնակցելու համար: Արգենտինայից հետո Խաչատուրյանը մեկնել է Ուրուգվայ, թերեւս մեծ տարածության հաղթահարումը շատ, թե քիչ էֆեկտիվ դարձնելու համար: Այստեղ իհարկե կարող է լինել մեզ բավականին մոտ ռեզոն, որքան էլ Լատինական Ամերիկան մեզանից տասնյակ հազար կիլոմետր հեռու գոտի է, որը՝ թվում է, թե որեւէ առնչություն չունի Հայաստանին շրջապատող խնդիրների կամ մարտահրավերների հետ:
Սակայն այսօր աշխարհը բավականին սեղմված ու փոքրացած է ոչ միայն տեխնոլոգիական հեղափոխության, այլ նաեւ ընթացող փաստացի համաշխարհային պատերազմի հետեւանքով: Այդ ռեժիմը ռեգիոնները դարձրել է խիստ,աննախադեպ կապակցված: Իսկ այդ առումով, Լատինական Ամերիկայի ուղղությամբ Հայաստանի դիվանագիտական աշխատանքը եւ ուշադրությունը կարող է առնվազն լինել Հայաստանի շուրջ ծավալվող զարգացումների եւ մարտահրավերների հանդեպ լրացուցիչ մի հնարավորություն, հատկապես մի իրավիճակում, երբ թանկ է այդպիսի ամեն մի հնարավորությունը՝ թեկուզ ամենափոքր կամ հեռու թվացող: Այդ տեսանկյունից անշուշտ հարցն այն է, թե բացի արարողակարգային արձանագրումից, գործնական դիվանագիտության ինչպիսի արդյունավետություն կապահովի Հայաստանի նախագահի այցը:
Իսկ Լատինական Ամերիկան ըստ էության կանգնած է համաշխարհային պատերազմի թեժ կետի վերածվելուց հինգ րոպե պակաս հեռավորության վրա: Օրեր առաջ Վենեսուելան պաշտոնապես հավակնություն է ներկայացրել Գայանաի կոոպերատիվ հանրապետության՝ նախկին Բրիտանական Գվիանայի հանդեպ, որը հարուստ է թանկարժեք հանածոներով: Վենեսուելայի հավակնությունից հետո իրավիճակը փոքր ինչ կանգ է առել, սակայն թերեւս լիցքեր կուտակկելու տրամաբանությամբ: Բանն այն է, որ այստեղ հարցը լոկ Վենեսուելայի եւ Գայանի հարաբերությունը չէ, այստեղ բախվում են համաշխարհային դերակատարների շահեր, որոնք «իջնում» են մինչեւ Արգենտինայի ափեր՝ Ֆոլկլենդյան կղզիներ, որոնք եւս պատկանում են Բրիտանիային եւ որոնց արգենտինապատկանության մասին է հայտարարել Արգենտինայի նոր նախագահը:
Կբավարարի՞ Հայաստանի դիվանագիտական ներուժը լատինամերիկյան ուղղությամբ ձեռքն առնվազն զարկերակի վրա պահելու համար, հաշվի առնելով հենց վերը նշածս՝ Կովկասում իրադարձությունների ծավալումը ամենեւին լոկալ ռեգիոնալ տրամաբանության մեջ չէ, այլ հենց ներկայիս համաշխարհային վերադասավորման եւ աշխարհակագրային փոփոխության: Հետեւաբար լատինամերիկյան վանդակում տեղի ունեցողը էապես շաղկապված է մյուս, այդ թվում կովկասյան խաղավանդակի հետ: Եվ դա ամենեւին նոր հանգամանք չէ, պարզապես ստանում է թերեւս նոր դինամիկա, ինտենսիվություն եւ առավել արտահայտվածություն:









































