Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում ունենում է ներկուսակցական հանդիպումների բավականին աշխույժ ժամանակացույց, հանդիպելով տեղերում ՔՊ ներկայացուցիչների հետ: Այդ հանգամանքը դիտարկվում է հնարավոր արտահերթ ընտրության քաղաքական սցենարի գործարկման տրամաբանության շրջանակում, երբ կուսակցապետը փորձում է այսպես ասած ստուգել կառավարող կուսակցության պատրաստության աստիճանը: Համենայն դեպս նկատելի է, որ վարչապետը կուսակցական հանդիպումներին հատկացնում է բավականին շատ ժամանակ, ինչը կարող է դիտվել նույնիսկ տարօրինակ, հաշվի առնելով Հայաստանի առաջ եղած բազմազան մարտահրավերների առատությունն ու սրությունը: Միեւնույն ժամանակ, Նիկոլ Փաշինյանը կուսակցական աշխատանքային ուղղությունը աշխուժացրել է թերեւս որոշակիորեն ապահով զգալով այդ մարտահրավերների, մասնավորապես անվտանգության առումով հնարավոր ռիսկերի կառավարման տեսանկյունից:
Բոլոր դեպքերում, հանգամանքը, որ պետության ղեկավարը անմիջականորեն զբաղվում է ակտիվ կուսակցցական գործունեությամբ՝ թեկուզ կուսակցության վարչության նախագահի կարգավիճակում, թերեւս չի կարող դիտվել իբրեւ քաղաքական արդիականության եւ կենսունակության բաղադրիչ, կամ նույնիսկ՝ միտում: Եթե դիտարկենք Հայաստանի անկախ պետականության երեք տարիների ընթացքը, ապա բավականին նկատելի է, որ քաղաքական համակարգում եւ պետական, հասարակական կյանքում խորքային խնդիրները շատ ավելի մեծ թափ ու բնույթ ստացան այն բանից հետո, երբ ըստ էության միաձուլվեցին պետության ղեկավարի եւ կառավարող կուսակցության ղեկավարի թե կարգավիճակները, թե նաեւ պարզապես դե ֆակտո գործառույթները՝ Սերժ Սարգսյան եւ ՀՀԿ-ն:
Ընդ որում, դա այն դեպքում, երբ ի տարբերություն 2018-ից հետո կառավարող ՔՊ-ի, Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն այդուհանդերձ դե ֆակտո ուներ զգալիորեն ավելի բազմաբեվեռ կառուցվածք, առնվազն լիդերից ներքեւ եղած աստիճանների կամ հարթությունների իմաստով: Այդուհանդերձ, դրան, պետության եւ կառավարող կուսակցության կարգավիճակային եւ ֆունկցիոնալ սերտաճումն ու միաձուլումը խորացրեց Հայաստանում առանց այդ էլ աղճատված քաղաքական համակարգի խեղումը, հանգեցնելով պետության համար ներքին ու արտաքին բավականին լուրջ մարտահրավերների, թուլացնելով պետության դիմադրունակությունը եղած մարտահրավերներին հակազդելու, ուր մնաց՝ նոր մարտահրավերներին պատրաստ լինելու հարցում: Հետեւանքը, այն էլ խիստ ցավագին՝ բոլոր առումներով, մեր աչքի առաջ է:
Նիկոլ Փաշինյանի եւ ՔՊ պարագայում կուսակցության լիդերի եւ կուսակցության մնացյալ հատվածում ֆունկցիոնալ բեվեռների միջեւ տարածությունը բազմակի, անգամներով մեծ է, ինչը միմիայն սրում է խնդիր, որ առաջանում է պետության եւ կուսակցական ղեկավարի կարգավիճակների եւ գործառույթների սերտաճումից: Սա այն ճանապարհի սկիզբն է, որով գնաց եւ հայտնի հանգրվանի հասավ Սերժ Սարգսյանը: Նիկոլ Փաշինյանը անցնում է նույն ճանապարհը՝ դրանով տանելով նաեւ Հայաստանը: Նրան այդ ճանապարհով տանող գործոնները անշուշտ մի զգալի մասով նաեւ օբյեկտիվ են, ինչպես եւ Սերժ Սարգսյանի դեպքում էր, սակայն դա չի փոխի ոչինչ, եթե Նիկոլ Փաշինյանն ինքը էական քայլեր չանի իրավիճակը փոխելու եւ քաղաքական արդիականացման ուղղությամբ գործուն եւ արդյունավետ քայլեր անելու, այդ թվում կառավարող ուժի հայաստանյան ավանդական բնույթը՝ «լիդերի շալակը ելած լինելու» տրամաբանությունը փոխելու ուղղությամբ: Կարճաժամկետ հեռանկարում է միայն, որ լիդերը ոչ միայն դիմանում է այդ բնույթին, այլ նույնիսկ ստանում հաճույք: Հայաստանի նման երկրներում երկարաժամկետ հեռանկարում անխուսափելի է այդ ծանրության տակ լիդերի անկումը, բայց ամենից մտահոգողը՝ Հայաստանի անկումն էլ հետը:







































