Պրն Դիկ Մարտիին
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի նախագահ
Պրն Ջ. Պրեսկոտին
Պրն Ա. Ֆիշերին
Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողներ
ԵԽԽՎ Մոնիտորինգի հանձնաժողովի անդամներին
Թոմաս Համերբերգին
ԵԽ Մարդու իրավունքների Հանձնակատարին
Հարգելի տիկնայք և պարոնայք,
Հարգելի համազեկուցողներ,
Զարմանք և հիասթափություն է առաջացնում Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների հեղինակած նոր բանաձևի նախագիծը: Մեզ համար, վստահ ենք նաև Ձեզ համար, այլևս գաղտնիք չէ, որ Հայաստանի իշխանությունները, ցանկանալով ամեն գնով լռեցնել ժողովրդի բողոքի ձայնը և պահպանել կեղծված ընտրությունների միջոցով զավթած իշխանությունը, հրահանգեցին ոստիկանությանը և ՀՀ զինված ուժերի ծառայողներին կրակ բացել ցուցարարների վրա, որի արդյունքում զոհվեցին մեր որդիները` 10 հոգի: Հենց այդ հանգամանքի պատճառով է, որ չեն բացահայտվում սպանությունները` անաչառ քննության ընթացքում ակնհայտ կդառնան իշխանությունների հանցագործությունները: Իշխանությունների վախը ճշմարտության առջև ցուցաբերվեց նաև փաստահավաք խմբի ցրումով այն պահին, երբ խումբը սկսեց գրանցել հաջողություններ` սպանությունների բացահայտման գործում:
Ձեր կողմից հեղինակած նոր բանաձևի նախագիծը հակասում է ձեր իսկ կողմից ապրիլին հեղինակած հետևյալ մտքին. «Մարտի մեկի իրադարձությունների ընթացքում տեղի ունեցած 10 մահվան դեպքերի պատշաճ քննության բացակայությունը շարունակում են թունավորել Հայաստանի քաղաքական միջավայրը և կարող են բացասական ազդեցություն ունենալ հաջորդ տարվա ընտրությունների վրա»: Այն կտրուկ հակասության մեջ է նաև ԵԽ Մարդու իրավունքների Հանձնակատար Թ. Համերբերգի այն պնդման հետ, որ «2008թ. մարտի 1-ին ուժի կիրառումը եղել է անհամաչափ, իսկ 10 մահվան դեպքերի հետաքննությունը` անարդյունավետ»: Այդ ի±նչ է տեղի ունեցել, որ դուք նման կտրուկ շրջադարձ եք կատարել ձեր իսկ սկզբունքային դիրքորոշումից և հանդուրժելով մարդասպանների ազատության մեջ մնալը, խոսում եք «Մարտի 1-ի էջը փակելու» մասին: Դա չի կարող լինել Սերժ Սարգսյանի` հինգ ամիս առաջ իրավապահ մարմիններին տրված հանձնարարությունը, քանի որ արդյունքն առ այսօր զրոյական է, իսկ ձեր վերջին առաջակությունից հետո արդեն հաստատ ոչինչ չի ել արվելու: Այս պարագայում ձեր նախաձեռնությունը փակելու Մարտի մեկի էջն անբացատրելի է և խորացնում է մեր կասկածը` Հայաստանի ավտորիտար և անազնիվ իշխանությունների հետ մութ գործարքներում ներգրավվելու վերաբերյալ:
Ի±նչ է տալու մեր ժողովրդին Մարտի մեկի էջի փակման` ձեր առաջարկությունը: Իշխանությունները օգտվելու են ձեր խորհուրդներից և առաջիկայում ՀՔԾ-ն կտարածի լղոզված մի հաշվետվություն` չբացահայտման պատասխանատվությունը դնելով ժողովրդի վրա: Իսկ հասարակությունն էլ հիասթափվելու է ԵԽ-ից, որը թեև համարվում է մարդու իրավունքների պաշտպանության առաջամարտիկը, բայց մեր պարագայում դարձել է մարդասպանների` Ոստիկանական համակարգում անխափան պաշտոնավարման և Հայաստանում անպատժելիության մթնոլորտի երաշխավորը:
Այս տարվա մայիսին ԵԽ ՄԻ Հանձնակատարը, նշելով, որ 10 մահվան դեպքերի քննությունը եղել է անարդյունավետ, ընդգծել էր. «Պատասխանատուներից և ոչ մեկն առ այսօր չի բացահայտվել: Ոստիկանական և անվտանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների հրամանների համար պատասխանատվությունը թվում է, որ երբեք չի դիտարկվել լրջորեն: Հայկական իշխանությունները պետք է վճռականորեն շարունակեն այդ հետաքննությունները և պատասխանատվության ենթարկեն բոլոր մեղավորներին: Տաս զոհերի ընտանիքները պետք է ստանան համապատասխան փոխհատուցում իրենց հարազատների կորստյան համար և պետք է լիարժեք կերպով ներգրավվեն և տեղեկացվեն հետաքննության ընթացքին»: Այս հանձնարարականները հավասարապես անտեսել են և’ Հայաստանի իշխանությունները, և’ ԵԽԽՎ համազեկուցողները:
Մենք, զոհվածների ծնողներս գտնում ենք, որ Մարտի մեկի էջը կարելի է փակել միայն այն ժամանակ, երբ պատասխանատվության ենթարկվեն սպանության բոլոր մասնակիցները և պահանջում ենք, որպեսզի ԵԽԽՎ-ի Մոնիտորինգի հանձնաժողովը` հավատարիմ մնալով իրեն վստահված լիազորությունների սկզբունքներին, վերանայի իր մոտեցումները և վերջապես ստիպի ՀՀ ներկայիս հանցագործ իշխանություններին պատասխան տալ մեր որդիների սպանության համար:
Ալլա Հովհաննիսյան
2008 թ-ի Մարտի 1-ին սպանված Տիգրան Խաչատրյանի մայր
Ջեմմա Վարդումյան
2008 թ-ի Մարտի 1-ին սպանված Դավիթ Պետրոսյանի մայր
Էդիկ Հարությունյան
2008 թ-ի Մարտի 1-ին սպանված Սամվել Հարությունյանի հայր
Վաչագան Ֆարմանյան
2008 թ-ի Մարտի 1-ին սպանված Արմեն Ֆարմանյանի հայր
Լիլիա Մինասյան
2008 թ-ի Մարտի 1-ին սպանված Հովհաննես Հովհաննիսյանի կին
Ռուզաննա Հարությունյան
2008 թ-ի Մարտի 1-ին սպանված Տիգրան Աբգարյանի մայր
Սարգիս Քլոյան
2008 թ-ի Մարտի 1-ին սպանված Գոռ Քլոյանի հայր









































