«Միջազգային կառույցները թույլ են տալիս հայ իշխանավորին հանցագործություն կատարել, հետո բռնում դրա վրա, և դա օգտագործում են ճնշելու համար: Բոլոր այն հանցագործությունները, որոնք բացահայտված են, բոլոր նրանք, ովքեր հարկ չեն մուծում, և մենք գիտենք, բայց այդ մարդիկ ձերբակալված չեն, որովհետև այդ մարդիկ այս իշխանություններին պետք են: Վարդանիկը միշտ նույն հանցագործություններն է անելու և միշտ զուսպ է մնալու, որովհետև դա պետք է Սերժ Սարգսյանին, իսկ Սերժի հնազանդությունն էլ պետք է միջազգային հանրությանը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
Նա ասաց, որ սա մեթոդ է, որով ցանկանում են Հայաստանին հպատակ պահել և թուլացնել:
Մանուկյանը նկատեց, որ չկա բնագավառ, որը այլանդակության թույլատրելի սահմանն անցած չլինի: Ըստ նրա` մարդիկ չեն բողոքում, որովհետև բոլորը ցանկանում են «շառից հեռու» մնալ. «Մենք հարսանիքների և թաղումների ազգ ենք: Հայ ժողովուրդն ունի պիկեր, ինչպես ասել է Սերո Խանզադյանը` հայ ժողովուրդը տանիքի ազգ է` մենք շատ արագ փոքր բանով կարող ենք ուրախանալ, և շատ արագ նույն փոքր բանով կարող ենք մտնել ընդհատակ և համակերպվել»:
Սակայն Մանուկյանը շտապեց նկատել, որ միշտ չէ այդպես, լուրջ գործեր կատարվում են`« համաժողովրդական զանգվածով». «Այն մասսան, այսօր ակտիվ է, բավարար են երկրում քաղաքական փոփոխություններ կատարելու: Երբ մենք անցնենք զանգվածային քայլերի, ապա ունենք այն ռեսուրսները, որով կկարողանանք հավաքել մեր բոլոր համակիրներին»:
Արամ Մանուկյանը նշեց, որ կես միլիոնը խորհրդանիշ է, և թիվը չէ կարևորը:
Երկխոսության մասին խոսելով` Մանուկյանը նշեց, որ այն անհրաժեշտ է, և դա գիտակցում են երկու կողմերն էլ, քանզի ոչ ոք ցնցոմներ չի ուզում. «Լավ կլինի, որ ստացվի, բայց մենք ունենք զանգվածներ, որոնք չեն ուզում, որ ստացվի, ես էլ չեմ հավատում դրան, որովհետև ուզում ենք, որ փոփոխությունները շուտ լինեն»:
Մանուկյանը նշեց, որ ՀԱԿ-ի հետ բանակցող իշխանական հանձնախումբը պաշտոնապես չի ասել, որ արտահերթ ընտրություններ հնարավոր չեն Հայաստանում և դրա համար իրավական և քաղաքական հիմքեր չկան: Հարցին, թե այդ դեպքում ի՞նչ էր իշխանության ներկայացրած 131 էջանոց փաստաթուղթը, Մանուկյանը պատասխանեց, որ դա ո՛չ ՀԱԿ-ին, ո՛չ ժողովրդին ամբողջապես չի ներկայացվել:











































