Грузия Online-ի փոխանցմամբ՝ Վրաստանի պատիժների իրականացման և իրավական օգնության նախարար Խաթունա Կալմախելիձեն հասարակությանը ներկայացրել է նոր բարեփոխումների նախագիծը։
Տվյալ բարեփոխմանը համապատասխան՝ ուղղիչ հիմնարկներին կից ստեղծվում են «հասարակական ընդունարաններ», ուր բոլոր քաղաքացիները կարող են հարմարավետ միջավայրում տարբեր տիպի արագ և որակյալ սպասարկում ստանալ։
Նոր բարեփոխմամբ փոխվում է դատապարտվածների ու մեղադրյալների հարազատների, իրավապաշտպանների և այլ շահագրգիռ անձանց սպասարկման որակը, այցելուներին կսպասարկեն հասարակական բարձրորակ խորհրդատուները։
Պարզեցվել են ընթացակարգային հարցերը, այցելուների համար հաշվի է առնվել տեսակցության, ծանրոցների ուղարկման և նամակների փոխանցման հնարավորությունները։ Գործելու է օնլայն և հեռախոսային խորհրդատվությունների համակարգ։
Որպես հավելյալ ծառայություն՝ ներդրվելու են նաև բանկային ծառայություն, անվճար ինտերնետ, մանկական անկյուն և ինֆորմացիոն տախտակ։ Այս նախագիծը գործելու է մոտ ապագայում։
Հիշեցնենք, որ հունիսի սկզբին էլ նշվում էր, թե Վրաստանի բանտերում գործելու են առողջապահության նախարարության չափորոշիչներին համապատասխանող դեղատներ, և որ բանտային բոլոր դեղատների արտոնագրման գործընթացն ավարտվելու է սեպտեմբերի վերջին։