Լրատվամիջոցներից մեկը գրում է, որ ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանը հոկտեմբերի 23-ին հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել. «Ու՞մ անունից, ի՞նչ մանդատով, լիազորություններով եւ ի՞նչ բովանդակությամբ է Սամվել Բաբայանը Բաքվի հետ բանակցել, ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել»: Պատգամավորը խնդրել է Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղարի հայտարարությունների հիմքով քրեական վարույթ նախաձեռնել: ԱԱԾ-ից նրան պատասխանել են, որ Բաբայանի կողմից որեւէ օրենսդրական կարգ չի խախտվել, ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը տեղյակ է եղել Բաբայանի գործունեության մասին, ուստի հանցակազմի բացակայության հիմքով վարույթ չի կարող նախաձեռնվել:
Բաքվի հետ ուղղակի երկխոսության անհրաժեշտության մասին Բաբայանը բազմիցս բաց հայտարարել է՝ մշտապես պնդելով, որ նախ պետք է ճշտել, թե ո՞րն է Ադրբեջանի իրական նպատակը: Բաբայանը գործնական հարց էր առաջադրում՝ Արցախի 120 հազար հայությունը մնալու՞ է, իր հողում, իր տանն ապրելու՞ է: Եթե այս հարցում հստակություն լիներ, ապա կքննարկվեին պայմանները, անվտանգությունը, իրավունքները, այդ թվում՝ քաղաքական: Ստեփանակերտում, մինչդեռ, ընտրվել է այլ ճանապարհ, որ, եթե վերացարկվենք բոլոր ենթադրություններից, հանգում էր մի նպատակի՝ ՌԴ խաղաղապահ զորախմբի եւ արտաքին կենտրոնների ազդեցությամբ Ադրբեջանին ստիպել, որ վերադառնա 2020թ. նոյեմբերի 9-ի ստատուս-քվոյին:
Մեղավո՞ր է Սամվել Բաբայանը, ով հասկացել է, որ դա չի լինելու, անցնող օրը խորացնում է ճգնաժամը, Ստեփանակերտը մարգինալանում է, իսկ ներքին բոլոր փորձարկումները, կադրային փոփոխությունները, զանգվածային միջոցառումները, քաղաքական ուժերի հայտարարությունները ոչ մի արդյունք չեն տալիս: Իսկ ինչու՞ Արցախի Ազգային ժողովը, երբ Բաբայանն այդ մասին հայտարարել է գործող եւ նախկին նախագահների, խորհրդարանի քաղաքական ուժերի առաջնորդների ներկայությամբ, նրան հենց տեղում չի դատապարտել կամ ինչու՞ Արցախի ԱԺ պատգամավորներից մեկը հանցագործության մասին հաղորդում չի ներկայացրել, չի պահանջել, որ Բաբայանի դեմ քրեական վարույթ նախաձեռնվի:
Բաբայանը մայիսի 15-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մի քանի հազար մարդու ներկայությամբ եւ ի լուր նախագահականում, ԱԺ-ում եւ կառավարությունում նստած պաշտոնյաների հայտարարել է, որ եթե իր տեսակետը, մոտեցումը չընդունվի, Բաքվի հետ բանակցություններ չսկսվեն, ապա լինելու է բռնատեղահանություն: Ինչու՞ Արցախի ԱԱԾ-ն հենց այդ հայտարարության հիմքով նրա նկատմամբ քրեական վարույթ չի հարուցել չի հարցաքննել, թե դա զուտ քաղաքական մոտեցու՞մ է, անձնական գուշակությու՞ն կամ քաղաքագիտական վերլուծությու՞ն, թե հիմնված է ունեցած կոնֆիդենցիալ ինֆորմացիայի վրա՞:
Սամվել Բաբայանը մայիսի 15- ին փաստացի կանխատեսել է, որ լինելու է սեպտեմբերի 19-ը եւ այն կանխելու համար խաղասեղանին է դրել քաղաքական իր վարկը. առաջարկել է իրեն նշանակել լայն լիազորություններով պետական նախարար՝ խոստանալով ամբողջական պատասխանատվություն ստանձնել հետագա զարգացումների եւ ելքի համար: Նրան մերժել են: Մարդիկ արդեն վկայում են, որ իշխանության տրանզիտի հարցում գործել է մի՝ «միայն ոչ Սամվել Բաբայանը» սկզբունքը: Փաստն աչքի առաջ է. «կոնսենսուս-մինուս Բաբայան» քաղաքական համախոհությունը բերել է Արցախի հայաթափման, ԼՂՀ լուծարման:
Հայկ Խանումյանը բացահայտել է, որ սեպտեմբերի լույս 20-ի գիշերը Սամվել Շահրամանյանին առաջարկել է իշխանությունը փոխանցել Սամվել Բաբայանին: Շահրամանյանը Խանումյանին չի հերքել, հաստատել է, որ նման առաջարկ ստացել է, կապվել է Բաքվի հետ եւ հետաքրքրվել՝ Ստեփանակերտում կա՞ մեկը, որի հետ ադրբեջանցիները պատրաստ են խաղաղ-բանակցային քննարկումների: Պատասխանը բացասական է եղել: Ահա իրականությունը: Ունենք այն, որ ոչինչ չունեք: Այդ ոչնչի պատճառը, հաստատ, Բաքվի հետ Սամվել Բաբայանի երկխոսության փորձը չէ, սեպտեմբերի 19-ի պատասխանատուն Սամվել Բաբայանը չէ:






































