«Զինված ուժերի ապաքաղաքականացումը Սահմանադրության հրամայականն է»,- այսօր կազմակերպված «Իրավիճակը հայկական բանակում» քննարկման ժամանակ ընդգծեց փաստաբան Վահե Գրիգորյանը:
Նա նկատեց, որ թեև դրա մասին հայտարարում են, սակայն դժվար է քաղաքական չեզոքություն պահանջել գնդապետից այն պայմաններում, երբ հանրապետության Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը քաղաքական կուսակցության ղեկավար է. «Երբ Զինված ուժերում քաղաքական նման կապվածությունները ձևավորվում են, էականորեն նվազում է քաղաքացիական վերահսկողության արդյունավետությունը»:
Գրիգորյանն առաջարկեց զինծառայության երկու տարիների ընթացքում կասեցնել զինծառայողների ընտրական իրավունքի իրականացումը. «Օրվա քաղաքական իշխանությունը օգտագործում է Զինված ուժերը որպես ընտրազանգված՝ իր իշխանության շարունակականությունն ապահովելու համար»:
Փաստաբանը նաև նկատեց, որ զինված ուժերում քաղաքական չեզոքության բացակայության ապացույցներից մեկն էլ 2008թ. մարտի 1-ի իրադարձություններին զինված ուժերի ստորաբաժանումների ներգրավվածությունն է, ինչի իրավական գնահատականը բացակայում է. «Այս հարցը պիտի վերջնական իրավական գնահատական ստանա, որովհետև վտանգավոր հետևանքներով է հղի: Անպատժելիությունն այս հարցում կհանգեցնի Զինված ուժերի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից նման գործողությունների դիմելու շարունակականության»:
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի ղեկավար Լևոն Բարսեղյանն էլ իր խոսքում նշեց, որ Ընտրական օրենսգրքի քննարկման ժամանակ իրենք առաջարկել են իշխանություններին զինծառայողների ընտրության կարգը որոշակիորեն փոխել, և որ վերջիններս ընտրատեղամաս գնան ոչ թե հրամանատարի հսկողությամբ, այլ ստանան մի քանի ժամվա ազատում: Բարսեղյանը նշեց, որ այդ առաջարկությունը երկար քննարկվել է, և ի վերջո իշխանությունը որոշել է, որ այն իրենց պետք չէ. «Բանակն ապաքաղաքականացնելու առաջարկին կողմ ենք, քանզի սա շատ բարդ հարց է, որովհետև երբ իշխանությունները իշխանությունը պահելու դոմինանտ գաղափարով են առաջնորդվում, ձեռքի տակ եղած բոլոր ռեսուրսները, այդ թվում՝ բանակը, դժբախտաբար, օգտագործում են այդ նպատակի համար»:










































