Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կարգավորում հնարավոր է, եթե արտատարածաշրջանային ուժերը դադարեն միջամտել, հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Պատրուշեւը՝ ԱՊՀ անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստում, որ տեղի է ունենում Մոսկվայում եւ որին չի մասնակցում Հայաստանի ԱԽ քարտուղարը: Պատրուշեւը հայտարարել է, թե Արեւմուտքի միջամտությունը միայն սրում է իրավիճակը: ԱՄՆ համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը մնում է առաջնահերթություն եւ գերատեսչությունը շարունակելու է զբաղվել այդ խնդրով, նախօրեին ճեպազրույցում էլ հայտարարել էր ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը:
Այդ ֆոնին, մինչ Միացյալ Նահանգներն ու Ռուսաստանը մրցակցում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի, կամ հակամարտության կառավարման համար, Ադրբեջանը Հայաստանին վերստին ներկայացնում է այսպես կոչված ութ գյուղերի կամ անկլավների պահանջ, ասելով, որ դրանք շարունակում են մնալ օկուպացված: Իհարկե Երեւանն էլ խոսում է այն մասին, որ Հայաստանի շատ տարածքներ Ադրբեջանի օկուպացիայի տակ են, սակայն այստեղ իրավիճակը հազիվ թե դիտարկելի լինի այսպես ասած «բոլորը-բոլորի» դիմաց վերադարձի սկզբունքով: Նախ, ինքնին հարց է, թե ռազմավարական իմաստով որքանով է Հայաստանի շահից բխում այդ տրամաբանությամբ լուծումը, որովհետեւ այդ պարագայում Ադրբեջանը ՀՀ տարածքում այսպես կոչված անկլավների տեսքով ստանում է փաստացի ռազմավարական հենակետեր, որոնք իրավիճակի փոփոխության դեպքում կլինեն տարբեր նշանակության ռազմական հենակետեր:
Դրանից զատ, սակայն, Ադրբեջանը հազիվ թե ներկայումս ունենա հարցը քաղաքական որեւէ պայմանավորվածությամբ լուծելու մեծ շահագրգռություն եւ կարող է դիտարկել փակուղի տանելու, ու այդ փակուղին ռազմական ավանտյուրայի հիմք դարձնելու մտադրություն: Ռազմական տարբերակում, Բաքուն թերեւս դիտարկում է արդեն շատ ավելին վերցնելու հնարավորություն: Իսկ ամբողջ խնդիրն այն է, որ Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի պայքարը՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության «մոդերատորության» համար, ուղղակի, թե անուղղակի, բայց նպաստում է հենց փակուղու ձեւավորման: Սա է ներկայիս գլխավոր, առանցքային խնդիրը, որի լուծումը սակայն ոչ միայն չի նշմարվում, այլ խնդիրն առավել խորանում է մերձավորարեւելյան իրադարձությունների բովում:









































