Հայաստան խորհրդարանական խմբակցության պատգամավորության երեք թեկնածու հրաժարվեցին պատգամավորական մանդատ վերցնելու իրենց հերթից՝ որ թափու էր մնացել պատգամավոր Արմեն Չարչյանի հրաժարականից հետո, որպեսզի հերթը հասնի Հայաստան դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին, որպեսզի նա էլ վերցնելով մանդատը դուրս գա կալանատնից եւ չենթարկվի քրեական հետապնդման: Լեւոն Քոչարյանը մեղադրվում կամ քրեորեն հետապնդվում էր արդարացի, թե ոչ, սա իհարկե հարցի մյուս կողմն է եւ այդ կողմը թողնենք իրավաբաններին: Տվյալ պարագայում ուշադրության է արժանի այն, ինչ կատարվոււմ է խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունում:
Այստեղ իհարկե օգնեցին իենց առաջնորդի որդուն, գուցե զինակցային, իսկ գուցե պարզապես «վարչահրամայական» տրամաբանությամբ, սա էլ իրենց ներքին գործն է: Սակայն, տվյալ պարագայում վերստին առկա է մի բան՝ Հայաստանի խորհրդարանում ըստ էության այլեւս չկա ընդդիմադիր քաղաքական խմբակցություն, կա կորպորատիվ տրամաբանությամբ գործող միավոր: Իհարկե, բոլորովին այնպես չէ, որ խորհրդարանական մեծամասնությունը գործում է որեւէ այլ տրամաբանությամբ եւ սկզբունքորեն առավել քաղաքական է, քան ընդդիմությունը: Հակառակը, խորհրդարանական ընդդիմությունն ու մեծամասնությունը միմյանց հայելային ապաքաղաքականությամբ կարողանում են ապահովել փոխադարձաբար ընդունելի միջավայր, իհարկե դրա համար համատեղ զոհաբերելով խորհրդարանը որպես քաղաքական ամբիոն, որպես պետության թիվ մեկ քաղաքական հարթակ, ինստիտուտ՝ եւ միակը, որ օժտված է առաջնային մանդատով:
Կամ՝ պետք է լինի դրանով օժտված, որովհետեւ այդպիսին լինելու համար այն պետք է կազմված լինի քաղաքական ուժերից: Այդպիսի պարագայում հաճախ հնչում է հակափաստարկ, թե արդյո՞ք որեւէ բան փոխվելու է, եթե օրինակ լինի խորհրդարանի արտահերթ ընտրություն: Բայց, իսկ արդյո՞ք Հայաստանում կփոխվի որեւէ բան, եթե Հայաստանում չլինի արտահերթ ընտրություն եւ Հայաստանում շարունակվի քաղաքականության բացակայությունը, քաղաքականությունը շարունակի փոխարինվել կամ փողոցային, կամ խորհրդարանական տարաժամկետ շոուներով: Համենայն դեպս, երկու հարցն էլ իհարկե ունեն հավասարապես գոյության իրավունք, քանի դեռ Հայաստանն ըստ էության չունի առաջնային մանդատ կրող իրական քաղաքական ինստիտուտ եւ ներքաղաքական բովանդակային կյանք: Համենայն դեպս, այդ հանգամանքը թերեւս պետք է արձանագրվի, թեկուզ հարցերի ու հարցադրումների միջոցով, առնվազն լճացումը կանգնեցնելու եւ առավել եւս ճահճացում թույլ չտալու համար:









































