Լուսանկարը՝ Armeniasputnik-ի
Հայաստանում մեծ քննարկումների առարկա է դարձել հարցը, թե արդյո՞ք Արցախի պետական ինստիտուտները պետք է պահպանվեն Հայաստանում եւ շարունակեն գործել, թե՞ ոչ: Սա իսկապես բավականին բարդ հարց է, ինչպես օրինակ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների անձնագրերի, քաղաքացիության հետ կապված հարցերը: Հասկանալի է, որ Հայաստանն այստեղ զգուշանում է Ադրբեջանին ագրեսիայի որեւէ «միջազգայնորեն լեգիտիմ» առիթ չտալու հարցում, հաշվի առնելով առկա միջազգային եւ ռեգիոնալ իրողությունները: Մյուս կողմից իհարկե միամտություն կլինի մտածել, թե քաղաքական հող նախապատրաստելու դեպքում Ադրբեջանն առանձնապես բծախնդիր է լինելու լեգիտիմության հարցում, իսկ միջազգային հանրությունն էլ՝ Բաքվին պատասխանատվության ենթարկելու: Այդուհանդերձ, կասկածից վեր է, որ գործ ունենք իսկապես արտառոց իրավիճակի հետ, որը արտացոլում է նաեւ այն խառնաշփոթը, որ առաջացել էր տարիների, անգամ տասնամյակների ընթացքում:
Ավելին, նույնիսկ մինչեւ 2020 թվականի պատերազմը, ապրիլյան քառօրյայից հետո խոսվում էր այն մասին, որ բավականին անորոշություններ կան Արցախի ՊԲ եւ Հայաստանի ՊՆ փոխհարաբերությունում, հիերարխիայում, որը կարող է խնդիրներ առաջացնել պատերազմական գործողությունների դեպքում եւ ինչի որոշակի ուրվագծեր նշմարվել էին հենց ապրիլյան քառօրյայի ընթացքում: Հայաստան-Արցախ իրավա-քաղաքական-վարչական փոխհարաբերության որոշակի խութերը եղել են միշտ, եւ այսօր իհարկե բարդ է ասել՝ չեն լուծվել, որովհետեւ չէին էլ կարո՞ղ՝ եթե հակամարտությունը չուներ միջազգայնորեն լեգիտիմ կարգավորվածություն, թե՞ պարզապես բոլորը «թուլացել եւ հաճույք» են ստացել հայկական երկու պետությունների հանգամանքից եւ նախընտրել են կյանքի վայելքներից առանձնապես չկտրվել առկա իրողություններում գոյություն ունեցող խութերին անդրադառնալու համար: Այսօր սակայն կա փաստը, որը պահանջում է լուծումներ:
Կա՞ն լուծումներ, թե՞ ոչ, առաջարկվող լուծումները ամբողջակա՞ն են, սպառի՞չ, չե՞ն պարունակում նորանոր թաքնված խնդիրներ՝ այդ թվում հատկապես Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրավունքների միջազգայնորեն լիարժեք պաշտպանության տեսանկյունից, հարցեր են, որոնց պատասխանները իսկապես պահանջում են շատ հանգամանալից եւ մանրակրկիտ աշխատանք: Բայց գլխավորը՝ պահանջում են թերեւս լռություն, առավելագույնս քիչ ձայն, առավելագույնս շատ մասնագիտական, իրավական եւ դիվանագիտական հմտություններ եւ քաղաքական փորձառություն, առանց ավելորդ աղմուկի այդ նուրբ հարցերի շուրջ աշխատելու եւ անելիքներ մշակելու համար: Մի բան է թերեւս կասկածից վեր, որ այդ զգայուն եւ նուրբ իրավիճակում աղմուկը կարող է օգտակար լինել միայն կոնյուկտուրային հարցեր լուծելու համար՝ գոյություն ունեցող խնդրի, դրա շահառուների իրավունքների հաշվին: Դրա հետ մեկտեղ, աղմուկն ինքնին՝ լուծումների բացակայության պայմաններում, արդեն իսկ պարունակում է վտանգներ ստեղծելու ներուժ: Միեւնույն ժամանակ, մարդիկ, որոնք պատասխանատու են հայկական պետականության առաջ կանգնած մարտահրավերների հակազդման, խնդիրների լուծման համար, թերեւս պետք է գտնեն առկա նուրբ հարցով զբաղվելու այնքան հմտություն եւ արդյունավետություն, որ նվազագույնի հասցնեն աղմուկի առիթները:









































