«Հոգեորսություն» եզրույթը համատեղելի չէ խղճի ազատության սահմանադրական չափանիշների հետ: Այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը` մեկնաբանելով ԱՄՆ պետդեպի զեկույցը Հայաստանում դավանանքի ազատության վերաբերյալ: Նշենք, որ ԱՄՆ արտաքին գերատեսչության զեկույցում նշվում է, որ թեև Հայաստանի Սահմանադրությունում ամրագրված է դավանանքի ազատության սկզբունքը, սակայն քաղաքականությունն ու այլ օրենքները որոշակի սահմանափակումներ են մտցնում կրոնական փոքրամասնությունների դավանանքի ազատության հարցում:
Իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը, մեկնաբանելով զեկույցը, ասաց, որ այդ իրավունքը ենթարկվել է սահմանափակման, և Սահմանադրությամբ է նախատեսված, որ այդ իրավունքը կարող է սահմանափակվել, որովհետև բացարձակ իրավունք չէ: «Սակայն միջազգային իրավունքի ճանաչման նորմերի համապատասխան խղճի ազատության մասին օրենքում սահմանափակումները գերազանցում են միջազգային իրավունքով սահմանված թույլատրելի սահմանը, դրա մասին է խոսքը»,- վերլուծեց իրավապաշտպանը` միանգամայն համաձայն լինելով զեկույցի ձևակերպման հետ:
Նա նաև նշեց, որ իշխանությունների վարած քաղաքականությունը նույնպես վկայում է, որ դավանանքի ազատության օրենքի հարցում դրական փոփոխություն չկա:









































