News Georgia-ի փոխանցմամբ՝ երեկ Վրաստանում տեղի է ունեցել «ուտելու բարեփոխիչ փողկապի» շնորհանդեսը։ Դրա հեղինակներն են Վրաստանում բնակվող ռուս լրագրող Օլեգ Պանֆիլովն և «Հանուն եվրոպականացված Վրաստանի կոալիցիա»-ի քաղաքական խորհրդի անդամ Լևան Չոլոկաշվիլին։
Փողկապն արժե 5 լարի (3 դոլար)։ Փողկապի շնորհանդեսին ներկա է գտնվել նաև Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, որը ստացել է այդ փողկապներից։ 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի ժամանակ BBC-ն ցուցադրել էր Սաակաշվիլիին սեփական փողկապն ուտելիս։ Այդտեղից էլ Պանֆիլովը հղացել է ուտելու փողկապ պատրաստելու գաղափարը։
Նշվում է, որ փողկապ ուտելը նպաստում է սեփական կյանքի բարեփոխմանը և նրա որակի բարձրացմանը, այն ախորժակ է առաջացնում ազատության ու ժողովրդավարության հանդեպ։ Այն օգնում է ավտորիտարիզմով, խորհրդային մենթալիտետով, իրենց հարևաններին երջանիկ ու բարեկեցիկ չտեսնելու ցանկությամբ տառապող հիվանդներին։ Խորհուրդ է տրվում այն օգտագործել այնքան ժամանակ, քանի դեռ չի վերացել այդ հիվանդությունը։
Հիշեցնենք, որ իր ելույթներում Վրաստանի նախագահ Սաակաշվիլին բազմիցս նշել է փողկապների մասին, օրինակ՝ հայտարարել էր, թե պատրաստ է ևս մեկ փողկապ ուտել, եթե որևէ մեկն իրեն ապացուցի, որ սևծովյան երկրներում կա մի քաղաք, որն ավելի արագ է զարգանում, քան Բաթումը. «Եթե որևէ մեկը կարողանա ապացուցել, որ ինչ-որ տեղ ավելի գեղեցիկ շինություններ կան, ես պատրաստ եմ մեկ անգամ ևս ուտել իմ փողկապը»։











































