Երեկ իսրայելցի մի բարձրաստիճան պաշտոնյա, ով ճգնաժամային կառավարության անդամ է, Reuters-ին հարցազրույցում սպառնացել է «հատել օձի գլուխը»՝ ակնհայտորեն նկատի ունենալով Իրանին, եթե «Հըզբոլլահ»-ը Լիբանանի տարածքից երկրորդ ճակատ բացի: Արևմտյան մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Կարմիր ծով մուտք գործած ամերիկյան ավիակիրը Եմենից Իսրայելի ուղղությամբ արձակված մի քանի հրթիռ է «որսացել»: Անցած օրերին Իսրայելը հրթիռային հարվածներ է հասցրել Դամասկոսի և Հալեպի օդանավակայաններին և Սիրիայի տարածքում Իրանի «պրոքսի խմբավորումների հենակետերին»:
BBC-ն տեղեկացնում է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարի տեղեկալ Ալի Ֆադավին Թեհրանի համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը հավաստիացրել է, որ եթե «անհրաժեշտություն և հրաման լինի»՝ Իրանը առանց երկմտելու կթիրախավորի Իսրայելի հյուսիսային նավահանգիստ Հայֆան: Նա վստահեցրել է, որ Իսրայելը «Երկաթե գմբեթ» ՀՕՊ համակարգի կարողությունների մասին անստույգ տեղեկություններ է տարածում: Ըստ իրանցի բարձրաստիճան զինվորականի՝ այդ համակարգը կարողանում է չեզոքացնել միայն արձակված հրթիռների ոչ ավելի, քան երեսուն տոկոսը: Նրա գնահատմամբ՝ Միացյալ Նահանգները հրեական պետություն «ստեղծել է իր անվտանգության համար և եթե իր հանդեպ վտանգ զգա, ապա հեշտությամբ կդավաճանի (Իսրայելին)»:
Այս ընդգծումը խիստ ուշագրավ է և թողնում է այլասացության տպավորություն: Այն է՝ «եթե Միացյալ Նահանգները արժանահավատ և կայուն երաշխիքներ ունենա, որ Մերձավոր Արևելքում իր ռազմավարական շահերին վտանգ չի սպառնում, ապա Իսրայելը Վաշինգտոնի համար կկորցնի կարևորությունը»: Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի քաղաքական հարցերով տեղակալն անցած շաբաթ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին ծանուցել է, որ Անվտանգության խորհուրդը չեղարկել է Իրան հրթիռային տեխնոլոգիաներ ներմուծելու և Իրանից դրանց արտահանման արգելքը: Առանց ԱՄՆ համաձայնության, քանի որ նա ԱԽ մշտական և վետոյի իրավունք ունեցող անդամ է, նման որոշում հազիվ թե ընդունվեր:
Իհարկե, դա Իրանի առջև Իսրայելին հրթիռային հարվածներ հասցնելու հարցում ,,կանաչ լույս վառել,, չի նշանակում, Իրանը և Իսրայելը միմյանց երկրի երեսից ջնջելու սպառնալիքներ գրեթե մշտապես հնչեցրել են, բայց Մերձավոր Արևելքում տարածաշրջանային պատերազմից ,,հինգ պակաս,, իրավիճակում պաշտոնական մակարդակով հրթիռային հարվածներ փոխանակելու բարձր հավանականության մասին հայտարարությունները, կարծես, ոչ միայն միմյանց, այլև առաջին հերթին ԱՄՆ-ին են հասցեագրվում: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի փոխհրամանատարը փաստացի աշխարհաքաղաքական լրջագույն հետևանքներ ենթադրող հայտարարություն է անում, երբ Թեհրանը հյուրընկալում է Ռուսաստանի, Թուրքիայի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներին:
Ընդ որում, դա արվում է մի փուլում, երբ Արևմուտքն իր հերթին նախապատրաստում է Հայաստան-Ադրբեջան-Եվրոպայի խորհուրդ գագաթնաժողով, ինչին նախորդել է Գրանադայի քառակողմ հայտարարությունը, որ սահմանում է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման քաղաքական սկզբուքները և պարամետրերը, իսկ զուգահեռաբար Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հարավային և հարավ-արևմտյան, Իրանի հյուսիսային սահմանների մոտ համատեղ զորավարժություններ են անցկացնում՝ «Մուստաֆա Քեմալ Աթաթուրք 2023» պայմանական անվանումով: Մուստաֆա Քեմալը Թուրքիայի աշխարհիկ հանրապետության հիմնադիրն է, բայց նաև խորհրդանշում է անցյալ դարի 20-ական թվականների ռուս-թուրքական բարեկամությունը և եղբայրությունը, որով հաստատվել է Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական ստատուս-քվոն՝ շրջանցելով Արևմուտքի և առանձնապես Իրանի շահերը:
Իսրայելի դեմ ՀԱՄԱՍ խմբավորման հարձակման հաջորդ օրը Միացյալ Նահանգների պետքարտուղարը հայտարարեց, որ Վաշինգտոնը չունի ապացույցներ, որ այն կազմակերպել է Իրանը: Եթե նման գնահատական հնչեցներ ԿՀՎ տնօրենը, ընկալումը բոլորովին այլ կլիներ: Պետքարտուղարի գնահատականը քաղաքական է, հստակ ազդակ, որ Սպիտակ տունը մերձավորարևելյան «հրդեհ» բորբոքելու և, մանավանդ, Իրանին այնտեղ ներքաշելու մտադրվածություն չունի: Իսրայելա-պաղեստինյան սրացումը Մերձավոր Արևելքի ողջ ընդգրկմամբ լայնածավալ պատերազմի վերածելու շահառուները, կարծես, բացահայտվում են՝ Թուրքիա և Ռուսաստան: Իրանն, ըստ երևույթին, կրակն իր վրա վերցնելու արկածախնդրության չի պատրաստվում: Կստացվի՞: Թեհրանյան ռուս-թուրք-հայ-ադրբեջանական բանակցությունները, հավանաբար, ինդիկատոր են:









































