Այսօր մեկնարկեց «Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների կանխատեսում, կանխարգելում և հրդեհաշիջման կազմակերպում» կոնֆերանսը՝ «Շրջակա միջավայր և անվտանգություն» նախաձեռնության շրջանակում: Կոնֆերանսը կազմակերպվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՄԱԶԶ աջակցությամբ՝ անտառային հրդեհների կառավարման նպատակով:
Ողջույնի և բացման խոսքով հանդես եկան ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի տնտեսական-բնապահպանական հարցերով պատասխանատու Վիլյամ Հենդլոնը և ՄԱԶԶ մշտական ներկայացուցչի տեղակալ Դիրկ Բոբերկը: Հրդեհի կառավարման հետ առնչվող պետական մարմինների տեղական իշխանությունների հասարակական կազմակերպությունների և միջազգային հանրության մոտ 100 ներկայացուցիչ կքննարկեն Հայաստանում վայրի բնության հրդեհների ռիսկերի գնահատման հարցեր, արագ արձագանքման տարողությունների կատարելագործումը, օրենսդրական կարգավորման դաշտը:
Ինչպես տեղեկացրեց Հայաստանի փրկարար ծառայության տնօրեն Սերգեյ Ազարյանը, կոնֆերանսի օրակարգը բաղկացած է երկու մասից, որոնցից առաջինում կքննարկվի «Անտառային և խոտածածկ տարածքների հրդեհների կանխատեսում, կանխարգելում և հրդեհաշիջման կազմակերպում» թեման: Նա նաև հույս հայտնեց, որ կոնֆերանսի մասնակիցների կողմից կարվեն լուրջ, արժեքավոր առաջարկներ, որոնք հետագայում կօգտագործվեն անտառային հրդեհների կանխարգելման համար: Կոնֆերանսի օրակարգում լինելու է նաև «Անտառային հրդեհների աճող ռիսկերը և դրանց մեղմումը» թեմայով քննարկում:











































