«Ամերիկայի ձայն» ռադիոկայանը, վկայակոչելով Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) տարածած հաղորդագրությունը, հայտնել է, որ ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը սեպտեմբերի 13-ի երեկոյան անցկացված նիստի ընթացքում միաձայն հաստատել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնում Ջոն Հեֆների թեկնածությունը:
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը նաև կողմ է քվեարկել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի թեկնածու Ֆրենսիս Ռիկիարդոնեի նշանակմանը, սակայն այս անգամ քվեարկությունը չի եղել միաձայն: Ռիկիարդոնեի թեկնածության դեմ են քվեարկել Դեմոկրատական կուսակցության անդամներ, սենատորներ Ռոբերտ Մենենդեսը, Բարբարա Բոքսերը և հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը:
Սենատոր Մենեդեսը Ռիկարդոնեի թեկնածության դեմ հանդես գալուց առաջ իր ելույթում հիշեցրել է ժամանակակից Թուրքիայում քրիստոնեական եկեղեցիների վիճակի վերաբերյալ իր հարցին վերջինիս կողմից տված սխալ պատասխանի մասին:
Ընդգծելով, որ Ռիկիարդոնեի կողմից տված պատասխանը, որի համաձայն՝ «մինչև 1915 թվականը Թուրքիայում գործող եկեղեցիների մեծ մասը մինչ այժմ գործող եկեղեցիներ են», «այն աստիճանի սխալ է, որ գրեթե վիրավորական է», Մենենդեսն ասել է. «Սակայն ինձ ավելի շատ անհանգստացնում է այն հանգամանքը, որ նման պատասխանը նշանակում է, որ նա ուշադիր չի ուսումնասիրել իր անունից ներկայացված պատասխանները, կամ էլ,- ինչն ավելի է տխրեցնում,- իրոք անտեղյակ էր Թուրքիայում քրիստոնեական եկեղեցու պատմությունից և այն դժվարություններից, որոնք քրիստոնեական եկեղեցին շարունակում է կրել այդ երկրում:
Նրա պատասխանից կարելի է ենթադրել, որ նա կամ ուշադրության չի արժանացրել, կամ էլ հետաքրքրված չէ հայ համայնքի վրա ազդեցություն գործող այս խնդրով: Անկարայում մեզ պետք է այնպիսի դեսպան, որը կարող է դեմ առ դեմ կանգնել Թուրքիայի հետ՝ օժանդակելով և պաշտպանելով Միացյալ Նահանգների շահերը: Ցավոք, ես այլևս չեմ հավատում, որ Ռիկարդոնեն կկարողանա լուծել նման խնդիրներ, և չեմ կարող պաշտպանել նրա թեկնածությունը»:







































