Բաքվի ռազմական դատարանում սկսվել է Հակարիի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանի գործով ,,դատաքննությունը,,: Նիստի ամենասկզբից նրա «շահերի պաշտպան» Սուլթանովը ներկայացրել է ինքնաբացարկ՝ պատճառաբանելով, որ հիվանդ է, տառապում է շաքարախտով և պետք է բուժում ստանա արտասահմանում: Դատավորը տեղում բավարարել է միջնորդությունը և «դատապաշտպան նշանակել» Ռադմիլա Աբդուլովային: Դատակոչվել է 59 «տուժող և վկա»: Երբ Վագիֆ Խաչատրյանը հայտարարել է, որ չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, դատական նիստի դահլիճում «բողոքի ալիք է պոռթկացել»:
Գրեթե բոլոր «տուժածները և վկաները»՝ ում լսել է, դատարանը, խոսքի վերջում պահանջել են, որ Վագիֆ Խաչատրյանը դատապարտվի ցմահ ազատազրկման: Խաչատրյանին ներկայացվել է Մեշալի (ԼՂՀ Ասկերանի շրջանի Լեսնոյե) գյուղում «ադրբեջանցիների ցեղասպանություն կազմակերպելու և իրականացնելու» մեղադրանք: Գործի «նախաքննությունը» իրականացրել է Ադրբեջանի զինվորական դատախազությունը: Որևէ քննչական գործողություն, սակայն, նշված բնակավայրում չի իրականացվել: Ի մասնավորի՝ բացահայտված չէ ,,զանգվածային զոհերի,, թաղման վայրը, արտաշիրմում և դատա-բժշկական փորձաքննություն չի կատարվել: Այսպիսով, նույնիսկ պարզված չէ ենթադրյալ ,,զանգվածային կոտորածի զոհերի,, ինքնությունը:
Ադրբեջանի «դատարանի» համար, սակայն, նման «մանրուքները» հաշվի մեջ չեն անգամ ազգությամբ ադրբեջանցի մեղադրյալների դեպքում, եթե կա նրանց մեղավոր ճանաչելու և ըստ այդմ պատժաչափ սահմանելու իշխանական ցուցում: Վագիֆ Խաչատրյանը դատվում է որպես հայ, իսկ Ադրբեջանում ազգությամբ հայը ոչ մի իրավունքից օգտվել չի կարող: Հա՞յ է, ուրեմն մեղավոր է: Այս մոտեցումն այնքան ակնհայտ է, որ Խաչատրյանի ,,դատավարության,, դրվագներից մեկով իրավիճակը հասնում է պարզապես զավեշտի: Որպես ,,տուժած,, հանդես եկող Էլդար Սալմանովը, մասնավորապես, պատմել է, որ առաջին կրակոցները լսելուն պես ինքը մեքենայով, որտեղ նաև այլ մարդիկ են եղել, հեռացել է:
Ըստ Սալմանովի, որոշ ժամանակ անց Վագիֆ Խաչատրյանը «փակել է մեքենայի ճանապարհը»: Իրենք ուրախացել են, քանի որ Վագիֆին անձամբ գիտեին և «կարծում էին, որ նա կօգնի»: Բայց, ինչպես «տուժածն» է ներկայացրել՝ «Վագիֆը և իր զինառյալները մեքենայի վրա կրակ են բացել» և հատուկ շեշտել, որ Խաչատրյանի «ձեռքին նաև կացին կար»: Ո՞վ կհավատա, որ մեքենայի վրա «զինյալների խումբը կրակ է բացել»՝ նախապես արգելափակելով ճանապարհը, բայց ուղևորները փրկվել են, անվտանգ հասել Լաչինի շրջանի ադրբեջանական գյուղ, այնտեղից էլ ուղղաթիռով տարհանվել Աղդամ, իսկ «զանգվածային կոտորածից» 32 տարի անց նրանցից մեկը «դեմքով ճանաչում է մեղադրյալին» և նրա դեմ «ապացուցված վկայություն» տալիս:
Համանման «վկայությունների» վրա է կարված նաև «Խոջալուի ցեղասպանության փաստով» հարուցված քրեական գործը, որտեղ սուտ մատնությունները, իրար հակասող վկայությունները և ակնհայտ քաղաքական բնույթ կրող ցուցմուքները պարզապես աչք են ծակում: Վագիֆ Խաչատրյանի գործով ,,դատաքննությունն,, սկսվել է Ստեփանակերտում Իլհամ Ալիևի ուրվականակերպ ներկայության հաջորդ օրը: Իր խոսքում Ալիևը հիշատակել է նաև «Արդարություն Խոջալուին» միջազգային շարժումը, որ «Հեյդար Ալիև» հիմնադրամի միջոցներով նախաձեռնել և իրականացրել է իր ավագ դուստրը: Վագիֆ Խաչատրյանի «դատավարությունը» միջազգայնացնելու խնդիր այսօր մենք ունենք: Առաջին հերթին՝ Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը: Սալմանովի «վկայությունները» բացառություն չեն: Հաջորդելու են այլ, ոչ պակաս էկզոտիկ պատմություններ:
Այդ նյութերը դիտարկելու, համադրելու, իրավական փորձաքննության ենթարկելու և տեղեկատվա-քարոզչական բոլոր առկա և ստեղծվելիք միջոցներով միջազգային հանրությանը, Մարդու իրավունքների եվրոպական դատարանին հասցնելու խիստ անհրաժեշտություն կա: Վագիֆ Խաչատրյանը, ինչպես ցույց է տալիս «դատավարության» սկիզբը, արդեն իսկ նշանակված է մեղավոր: Ի դեմս նրա ալիևյան վարչախումբը դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության ինքնապաշտպանությունը, քաղաքական և պետական ինքնակազմակերպվածությունը: Այս մեղադրանքը միջազգայնորեն ապալեգիտիմացնելու հրամայական կա: Ինչպե՞ս իրացնել՝ իրավաբանների, միջազգայնագետների պատասխանի տիրույթի հարց է: Միանշանակ է, որ ալիևյան դատարանն այսօր աշխարհում ամենամարդատյացներից է: Բայց վարչախմբից սարսափն այնքան մեծ է, ավելի ճիշտ՝ հայատյացությունն այնքան խորն է ներարկված, որ ադրբեջանցի ոչ մի իրավապաշտպան, նույնիսկ նրանք, որ վտարանդի են, ապրում են Եվրոպայում կամ ԱՄՆ-ում և Կանադայում, չեն համարձակվում բառ իսկ հնչեցնել, երբ բռնաճնշվում են ազգությամբ հայի մարդկային իրավունքները, տրորվում նրա արժանապատվությունը:








































