Պաղեստինի օրենսդիր խորհրդում Համասի ներկայացուցիչները կոչ են արել ինքնավարության առաջնորդ Մահմուդ Աբբասին հրաժարվել ՄԱԿ-ին լիիրավ անդամակցության պահանջով դիմելու մտադրությունից: Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Գազայի հատվածում իշխող իսլամիստները միակողմանի անկախության հռչակումը համարել են «պաղեստինյան հարցին վնասող քայլ» և կոչ են արել Աբբասին ավելի մեծ ջանքեր գործադրել Համասի և Ֆաթհի միջև հակասությունները հարթելու և Իսրայելի դեմ միացյալ պայքարը շարունակելու ուղղությամբ:
Հիշեցնենք, որ Պաղեստինի միակողմանի անկախություն հռչակելու Աբբասի մտադրությունը լայն արձագանք է ստացել: Երեկ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Աբբասը հրաժարվել է ՄԱԿ-ին դիմել նման պահանջով, քանի որ տեղի է տվել ԱՄՆ սպառնալիքներին, սակայն այսօր Արևմտյան ափում իշխող ՖԱԹՀ-ի ներկայացուցիչը հայտարարել էր, որ իրենք միևնույն է հռչակելու են իրենց անխակությունը, ընդ որում 1967թ-ի սահմաններում, ինչը, ըստ մասնագետների, կարող է լրջորեն վնասել մերձավորարևելյան խաղաղ գործընթացը, որն ընդհատվել էր անցած տարի, քանի որ Իսրայելի կողմից Արևմտյան ափում հրեական բնակավայրեր կառուցելու պատճառով պաղեստինցիները հրաժարվել էին բանակցություններ վարելուց:









































